Քաղաքական

«Միջուկային պատերազմի մասին հայտարարությունները սպառնալիքի սահմաններում են». Գանտահարյան

«Միջուկային պատերազմի մասին հայտարարությունները սպառնալիքի սահմաններում են». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ, վերլուծաբան Շահան Գանտահարյանն է։

-Վերջին շրջանում Ռուսաստանի և Արևմուտքի միջև ակտիվացել են միջուկային զենք կիրառել-չկիրառելու մասին հայտարարությունները։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե միջուկային պատերազմի մեծ վտանգ կա։ Ինքներդ ինչպե՞ս եք մեկնաբանում ստեղծված իրավիճակն ու հնչող հայտարարությունները։ Որքանո՞վ են լուրջ այդ մտահոգությունները, սպառնալիքները։

-Հռետորաբանությունը այս դեպքում ընդհանրապես համընթաց է իրադարձություններին։ Առընթեր կան հրադադարի և բանակցությունների մեկնարկի հայտարարություններ, որոնք չեն գործնականացվում կամ մերժվում են պատերազմող կողմերից։ Պատերազմը չի ստացել համընդհանուր մեծածավալ բնույթ. կան թիրախային գոտիներ, թեև երբեմն այդ գոտիների աշխարհագրությունն ընդլայնվում է։ Միջուկայինի անցում անելը առավելաբար սպառնալիքի սահմաններում է, գոնե՝ ներկա պահին։

-Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում. որքան էլ կողմերը հոխորտան, ակնհայտ է, որ միջուկային զենքի գործածումը մեծագույն արհավիրք կլինի։

-Պատերազմը զուտ ռազմականից արդեն վերաճել է հիբրիդայինի՝ ներառելով քարոզչականը, տնտեսականը, տեղեկատվականը, հասարակականը. լայնածիր ընկալումներով և ուղղություններով։ Պիտի ըմբռնել, որ սա Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ չէ, այլ հավաքական Արևմուտք-Ռուսաստան՝ իր ծանրագույն հետևանքներով։ Նոր աշխարհակարգի ձևավորում հունավորող պատերազմ է, որի հետևանքները կրում են աշխարհի տարբեր մասերի երկրները, առաջին հերթին՝ Եվրոպայում։

-Իրանն էլ իր հերթին հայտարարում է, որ ունի միջուկային զենք ստեղծելու հնարավորություն, բայց չի դա չի անում։ Արդյո՞ք սա տարածաշրջանային զարգացումների վրա իր ազդեցությունը կունենա, եթե Իրանը նաև որոշի միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալ։

-Իրանի հայտարարությունը Վիեննայի բանակցությունների հարաբերակցությամբ պիտի դիտարկել։ Նկատել նաև այն, որ աշխարհագրական տարբեր շրջաններում նկատվում է Արևմուտք-Իրան ապալարվածության միտումներ։ Մեծ հաշվով՝ Ռուսաստանի արագ մեկուսացման գործընթացին ուղեկցում է Իրանի դանդաղ ապամեկուսացման գործընթացը։

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական