Քաղաքական

Այլևս գործ ունենք միջնորդների հակամարտության հետ

Այլևս գործ ունենք միջնորդների հակամարտության հետ

Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Պուտինի ելույթի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հատվածը։

-Այնտեղ մի քանի հստակ մեսիջներ կան։ Առաջինն այն էր, որ նա վերահաստատեց այն պնդումը, որ Ռուսաստանը երբեք Հայաստանին չի ասել, թե երաշխավորում է նախապատերազմյան ստատուս-քվոն։ Ընդհակառակն, ասաց, որ Հայաստանի իշխանությունները տևական շրջան մերժել են այդ  շրջանների վերադարձի առաջարկը՝ «Լավրովի պլանը», ինչն էլ հանգեցրել է այս վիճակին։ Երկրորդը՝ Պուտինը նոր բացահայտում չարեց նաև Արևմտյան կարգավորման բանակցությունների վերաբերյալ։ Առիթ ունեցել եմ ասել, որ Արևմտյան ծրագրով շեշտը դրվում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այնպիսի հեռանկարի վրա, որը ենթադրում է նաև ՌԴ-ի դուրսմղում տարածաշրջանից։ Եվ սրանով է պայմանավորված, որ Արցախի հարցը բրյուսելյան հարթակում, ըստ էության, անտեսված է։ Եթե հիշում եք՝ քառակողմ հայտարարության մեջ նույնիսկ հիշատակում չկար։ Իսկ եթե ԼՂ-ի սուբյեկտության և անվտանգության  մասին փաստաթղթային ձևակերպումներն չլինեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստաթղթում, Արցախին հայաթափում է սպառնում։ Երեկ Պուտինը դրա մասին էր խոսում։

-Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ եթե Հայաստանը նախընտրի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վաշինգտոնյան տարբերակը, որը ենթադրում է Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչում, Ռուսաստանը կաջակցի ՀՀ ցանկացած ընտրություն։ Սա ինչ է նշանակում, որ ՌԴ առաջարկներով Ղարաբաղի հարցում ա՞յլ դիրքորոշում կա, քան արևմտյանն է։

-Իհարկե, երեկ ինքը հստակ չէր ասում՝ Ռուսաստանն ինչ է պատրաստվում անել Ղարաբաղի համար։ Բացառությամբ այն, որ հասկացանք՝ Ռուսաստանը ձգտում է Արցախի հարցում այսօրվա ստատուս-քվոյի պահպանմանը։ Խոսքն այն մասին է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հիշատակված է ԼՂ սուբյեկտությունը, խաղաղապահ առաքելությունը և այլն։ Պարզ է, եթե Արևմուտքը ձգտում է նրան, որ այնտեղ ռուսական խաղաղապահ չլինի, Ռուսաստանն էլ փորձում է սառեցնել կարգավիճակի հարցը, որպեսզի հնարավորություն ստեղծի՝ երկար պահպանել իր առաքելությունը ԼՂ-ում կամ տարածաշրջանում։ 

-Նիկոլ Փաշինյանն էլ այսօր թվիթերյան գրառմամբ վերահաստատել է, որ Հայաստանը համաձայնել է աշխատել Ռուսաստանի ներկայացրած սկզբունքների և պարամետրերի վրա։ Ի՞նչ է ստացվում՝ Հայաստանը հրաժարվե՞լ է «վաշինգտոնյան» առաջարկներից։

-Ճիշտն ասած՝ այդ հարցը Դուք պետք է տաք իշխանություններին, որովհետև իսկապես երկու հարթակների միջև կան տարբերություններ։ Հնարավոր տարբերությունները վերաբերում են ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Երկու կողմերի մոդերատորությունն ընդունելու դեպքում փոխվելու է նաև Հայաստանի ստրատեգիական կողմնորոշումը կամ մնալու է նույնը։ Այսինքն, եթե ռուսական մոդերատորությունն ենք ընդունելու, ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորը մնալու է նույնը, եթե հրաժարվելու ենք այդ մոդերատորությունից՝ ընդունելու ենք Արևմտյանը, և ստրատեգիական փոփոխության հարց է առաջանալու։ Հետևաբար, Հայաստանի իշխանությունը չի կարող երկու տարբերակներին հավանություն տալ։ Ինչ-որ փուլում պաշտոնական Երևանը, նաև՝ Ադրբեջանը, ստիպված են լինելու աշխատել կամ Մոսկվայի, կամ բրյուսելյան մոդերատորության ներքո։ Այստեղ կա հակասություն։ Դարձյալ մնում եմ իմ կարծիքին՝ Հայաստանի իշխանությունն աշխատում է ժամանակ ձգելու վրա և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը ստորադասում է ներքաղաքական կոնյուկտուրային։ Իմ տպավորությամբ՝ վարչապետն այդ գրառումն արել է ոչ այնքան այն պատճառով, որ Հայաստանը որոշում ունի ռուսական միջնորդությամբ աշխատել, այլ հատկապես այն պատճառով, որ Պուտինի երեկվա հայտարարությունը Փաշինյանի մոտ մտավախություններ է առաջացրել , որ Հայաստանում կարող են ներքաղաքական ցնցումներ առաջանալ։

-Այս հայտարարությունների ֆոնին Հայաստանում է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Հայաստանը հայտնվել է բավական աննախանձելի վիճակում։ Եվ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններից Հայաստանի նկատմամբ կան ճնշումներ։ Պուտինի երեկվա խոսքը կարելի է համարել անուղղակի ճնշում։ Անուղղակի ճնշում է նաև այն, որ Միացյալ Նահանգները պարտավորեցնում են տարածաշրջանի երկրներին՝ գնահատական տալ, իրենց իսկ ձևակերպմամբ, ռուս-իրանական վտանգավոր համագործակցությանը։ Եվ Հայաստանից ահռելի դիվանագիտական ջանքեր է պահանջվում այս ճնշումները չեզոքացնելու և ռիսկերը կառավարելու համար։ Հակառակ պարագայում մենք կարող ենք անվտանգային լուրջ ռիսկեր ունենալ։ Այլևս գործ ունենք ոչ միայն հայ-ադրբեջանական հակամարտության, այլև մեր ռեգիոնում միջնորդների հակամարտության հետ, որը դարձյալ կարող  է անվտանգային խնդիրներ առաջացնել և այս փխրուն, հարաբերական կայուն վիճակը դարձյալ տեղափոխել ռազմական էսկալացիայի ռեժիմ։

-Տոյվո Կլաարի այցը այս համատեքստում ե՞ք դիտարկում։

-Ես չգիտեմ՝ Կլաարը ինչի համար է հիմա Հայաստան եկել։ Բայց ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական կենտրոնների միջև կա շեշտակի հակադրություն։ Երկու կողմերի ակտիվությունը դրա հետևանք են։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական