Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն է։
-Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստան, և, ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, պիտի քննարկեն եռակողմ և երկկողմ հարցերի ողջ շրջանակը։ Ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ այս հանդիպումից։
-Որևէ դրական ակնկալիք այդ հանդիպումից չունեմ։ Այն պարզ պատճառով, որ Ռուսաստանն այսօր Հայաստանից միայն պահանջում է և որևէ ընդառաջ քայլեր, կարծես, չեն պատրաստվում անել։ Մենք պետք է լավ հասկանանք, որ մեր երկրի ղեկավարը բավականին մեծ ճնշումների է ենթարկվելու այդ հանդիպման ժամանակ։ Ճնշումների՝ առաջին հերթին Պուտինի կողմից։ Ալիևն այստեղ խաղալու է երկրորդ ջութակի դեր։ Բացի այս, ներկայացվելու են մի քանի պահանջներ նոյեմբերի 9-ի փաստաթղթի իրագործման վերաբերյալ՝ այնպես, ինչպես պատկերացնում են Ռուսաստանում՝ միջանցքային տրամաբանությամբ։ Կարծում եմ՝ միութենական պետություն մտնելու պահանջ է հնչելու, ինչպես նաև՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասով Արևմուտքի մոդերացիայից հրաժարվելու։
-Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո ստորագրվեց հայտարարություն։ Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է՝ ՌԴ-ն ևս փորձի ավելի առարկայական փաստաթուղթ ստորագրելու հասնել։
-Կարծում եմ՝ այդ փորձը Ռուսաստանի կողմից լինելու է։ Պուտինը փորձելու է ինչ-որ փաստաթուղթ առաջ մղել։ Հույս ունեմ՝ մենք այդ փաստաթուղթը չենք ստորագրի, որովհետև այն որևէ լավ բան մեզ համար չի պարունակում՝ հաշվի առնելով այն իրավիճակային տրամաբանությունը, որով այսօր գործում է ՌԴ-ն, որը Թուրքայի և Ադրբեջանի դաշնակիցն է։ Թուրքիայի և Ադրբեջանի շահերը համընկնում են Ռուսաստանի շահերի հետ, իսկ Հայաստանի շահերը գտնվում են այլ տիրույթում։ Այնպես որ, Հայաստանը որևէ ընդհանուր համաձայնության գալ ՌԴ-ի և Ադրբեջանի հետ՝ այսօր ապրիորի չի կարող։ Եվ կարծում եմ, որ դա մեր դիրքորոշումը չէ, այլ՝ Ռուսաստանի, որն այսօր ակնհայտ անցել է Ադրբեջանի կողմը և հանդիսանում է ոչ թե մոդերատոր, ոչ թե նույնիսկ միջնորդ, այլ պրոցեսի անմիջական մասնակից։
-ՌԴ-ն չի թաքցնում, որ անհանգստացած է Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում, Արևմուտքի ակտիվացմամբ։ Այս մասին բարձրաձայնելու միտումը ո՞րն է։ Ու՞մ և ի՞նչ է հասկացնում Մոսկվան։
-Ռուսական անհանգստությունը միանշանակ տեղին է, որովհետև Ռուսաստանը գնալով կորցնում է ազդեցությունը, առաջին հերթին՝ Հայաստանում, իսկ Վրաստանում և Ադրբեջանում վաղուց է կորցրել։ Հայաստանը վերջին հանգրվանն էր Ռուսաստանի համար։ Ռուսաստանը կորցրել է իր ազդեցությունը իր վարած քաղաքականության շնորհիվ, որը հատկապես վերջին երկու տարում իրագործվում է Հայաստանի նկատմամբ։ Սրա մասին բարձրաձայնելու միտումն այն է, որ նրանք հերթական անգամ փորձում են ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ։ Ռուսներն, ինչպես միշտ, մոռանում են իրենց իսկ ժողովրդական ասացվածքը՝ «Насильно мил не будешь», և փորձում են «насильно» իրենց ներկայությունն այստեղ պահել՝ շարունակելով քաղաքական ու տնտեսական տիրույթում մեզ վրա ներազդել, պահանջել, ճնշում գործադրել։ Եվ հերթական անգամ մեզ վաճառելու են այնպես, ինչպես վաճառեցին 100 տարի առաջ։ Որևէ նոր բան այստեղ չկա, ռուսական քաղաքականությունը չի փոխվել, և մենք չենք կարող ակնկալել, որ մոտ ապագայում կփոխվի։
Հայկ Մագոյան