ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե իր կարծիքով Մոսկվայի կողմից ճնշումներ կան Հայաստանի վրա՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» տալու հարցում ճնշումներ չկան:
Սեյրան Օհանյանի խոսքով. «Ես չեմ տեսնում, որ Կրեմլը միջանցքի հարց է առաջ քաշում, գործողություններ են ընթանում ենթակառույցների, ճանապարհների բացման ուղղությամբ։ Ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ նետել երկիրն այս կամ այն թևերի կենտրոն, այս կամ այն թևերի շփման հատված, այդ ամենն է թույլ տալիս, որ Հայաստանի վրա ճնշումները շարունակվեն, մանավանդ, որ մենք երկու բանաձևերի մեջ տեսնում ենք, որ Արևմուտքից մեզ տրամադրված բանաձևը տանում է նրան, որ վերջնականապես կկորցնենք Արցախը»։
Նա խոսել է նաև ընդդիմության գործողությունների մասին, նշելով. «Իհարկե, ժողովրդի հետ աշխատանքը, համոզման գործընթացը, ամենադժվարն է: Շատ դժվար է մարդկանց համոզել մի իրականության մեջ, երբ մարդկանց մի մասը մանիպուլացված է, մի մասն անտարբեր է, համակերպվել է այս ամենին, մի մասը վախենում է, որ նորից պատերազմ կսկսվի: Բայց երկրագնդի վրա չկա մի երկիր ու ազգ, որ իր պատմությունը կերտելու համար մարտնչած չլինի: Այդ առումով «Դիմադրության» շարժումը շարունակական է լինելու»:
Ըստ Օհանյանի, իրենք նախորդ շարժման ժամանակ կարողացան թույլ չտալ, որ ժամանակից շուտ փաստաթղթեր ստորագրվեն. «Բայց դա բավարար չէր: Ինքներս էլ դա տեսնում ենք, հիմա որոշակի վերլուծություն ենք անում, ապագայում մեր գործողություններում կլինեն նորարարություններ»,-ասել է նա