ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հայտարարել է, թե խոշոր տերությունները Հայաստանից պահանջել են մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել։
Նրա խոսքով. «Խնդիրը դրված է, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքենք, բայց դա կլինի, թե ոչ, ոչ ոք չգիտի: Խոշոր տերություններն են մեզ ասել, որ մինչև տարեվերջ պետք է կնքեք այդ պայմանագիրը: Բայց Լյուքսեմբուրգից հետո Ալիևը կանգնեց ու Աստանայում ասաց, որ Ռուսաստանն է դադարեցրել պատերազմը, սկսեց հոխորտալ, այս ամեն ինչից երևում է, որ մինչև տարեվերջ դժվար թե խաղաղության պայմանագիր կնքենք»։
Մելքոնյանը նաև ասել է, որ իշխանություններն ուզում են 1991 թվականի ԱՊՀ ստեղծման ժամանակ հաստատված սահմաններով ունենանք մեր երկիրը և խաղաղություն կնքվի. «Մենք գնում ենք դրան, զիջելու բան չունենք»:
Նա խոսել է առաջիկայում կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին, նշելով, թե որևէ սպասելիք չունի դրանից. «Ո՞վ է ասել, որ լինելու է: Ձեզ են ասել Կրեմլից, մեզ ոչ մի բան չեն ասել: Եթե հանդիպում լիներ, Աստանայում կլիներ: Ինչո՞ւ չեղավ այդ հանդիպումը, չցանկացած, որ հանդիպումը տեղի ունենա: Այսինքն եթե Ռուսաստանի թագավորը ուզենար հանդիպում կազմակերպել այնտեղ, կկազմակերպեր, բայց չուզեցավ: Հիմա եթե պաշտոնական կհրավիրի, կտեսնենք: Սպասելիք չունեմ, որովհետև եթե դուք լսեիք Ալիևի վերջին հայտարարություններն Աստանայում, ասաց՝ եթե չլինի «միջանցքը», ես ուրիշ ձևով կվերցնեմ: Ոտքը ընկել էր այնտեղ, իրեն լավ էր զգում: Երբ գալիս է Բրյուսել, արդեն ուրիշ ձև է խոսում, մոտեցումներն ուրիշ են, Ռուսաստանում ուրիշ է, ոնց որ իր հայրենիքում լինի, ոնց որ ձուկը ջրում: Իսկ երբ գնում է Բրյուսել, գլուխը կախած, նստած է»,-ասել է պատգամավորը։
Նա անդրադարձել է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքներին։ Մելքոնյանի խոսքով, Ադրբեջանը Հայաստանի տարածքից օկուպացրել էր 40 քառակուսի կմ տարածք, իսկ սեպտեմբերի 13-ին Ջերմուկի դեպքերի ժամանակ այդ տարածքները ավելացել են ևս մոտ 60 քառակուսի կմ-ով. «Ես 7 օր առաջ եղել եմ արևելյան սահմանին և տեսել եմ, որ մեր դիրքերում արդեն ինժեներական աշխատանքները համարյա 80 տոկոսով կատարված են և մեր զորքը գտնվում է նոր դիրքերում: Առաջնագիծը փոխվել է: Նահանջ չի եղել, իրենք հարձակվել են մեր տարածքների վրա և գրավել են: Այդքան զոհ ենք տվել, մինչև վերջ կռվել ենք»։