Քաղաքական

Ինչո՞վ է զբաղված խորհրդարանական ընդդիմությունը, եթե չի մասնակցում ԱԺ նիստերին

Ինչո՞վ է զբաղված խորհրդարանական ընդդիմությունը, եթե չի մասնակցում ԱԺ նիստերին

Ազգային ժողովն այսօր սկսեց հերթական նստաշրջանը, որին խորհրդարանական ընդդիմությունը կրկին չէր մասնակցում։ 

Radar Armenia-ն ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից փորձեց ճշտել, թե ինչով են զբաղված, եթե չեն մասնակցում ԱԺ նիստերին։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյան ասաց, որ ընդդիմությունը խորհրդարանում է, իսկ նիստերին չմասնակցելը այլ հարց է։

Հարցին՝ իսկ ի՞նչ է անում խորհրդարանական ընդդիմությունը, եթե ԱԺ նիստերին չի մասնակցում, Նազարյանը պատասխանեց՝ հանդիպումներ են ունենում ժողովրդի հետ, մարզային այցերի մեկնում, կառավարությանը բազմաթիվ գրավոր հարցապնդումներ են ուղարկում, հետևում են, թե ինչ օրենքներ են ընդունվում, փորձում են հասկանալ՝ ինչ է կատարվում, խորհրդարանից դուրս քննարկումներ են կազմակերպում։

Դիտարկմանը՝ Իշխան Սաղաթելյանը խոսում էր սեպտեմբերից ակտիվ պայքարի մասին, բայց չի երևում այդ ակտիվությունը, Գեղամ Նազարյանն ասաց, որ ցանկացած ուժ գործողություն անելուց առաջ պետք է մտածի՝ դրանք այս պահին պատե՞հ են, թե՞ ոչ. «Մեր ճնշումը այս վարչախմբի վրա անընդհատ լինելու է, քանի որ դա բխում է մեր երկրի շահերից»,-ասաց Գեղամ Նազարյանը՝ տեղեկացնելով, որ դեռևս իրենց օրակարգում է մնում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ ասաց, որ խորհրդարանական աշխատանքը միայն լիագումար նիստին մասնակցելը չէ, այլև միջազգային կառույցներում աշխատանքից մինչև մանդատի լիազորություններ ենթադրող այլ գործառույթներ. «Ես ինքս ադրբեջանական ագրեսիայից հետո մարտական դիրքեր, սահմանային տեղամասեր աշխատանքային այցերի մեջ են, կոորդինացնում եմ նաև Արցախի հետ տարվող աշխատանքը»,- հայտնեց Աբրահամյանը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը վստահ չէ, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հանդիպում են քաղաքացիներին։ Ըստ նրա՝ ԱԺ պատգամավորի աշխատանքի առաջնահերթություններից մեկը ԱԺ նիստերի դահլիճում լիագումար նիստերին մասնակցելն է. «Դա ընդամենը ԱԺ-ից իրենց փախուստն արդարացնելու պատրվակ է։ Իրենք որևէ ասելիք և արդարանալու եզր չունեն, դրա համար են ասում, որ գործուղումների են գնում»,- ասում է Արփի Դավոյանը և հիշեցնում, թե ինչպես էր «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայիս ղեկավար Հայկ  Մամիջանյանը դեմ քվեարկել Հայաստանում ժողովրդավարական առաջընթացը ողջունող ԵԽԽՎ բանաձևին։ Դավոյանը վստահ է՝ խորհրդարանական ընդդիմությունը խորհրդարանի դահլիճում գտնվելու խնդիր ունի։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն այսօր մասնակցել են միայն ԱԺ հայտարարությունների ժամին և ելույթ ունեցել։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական