Քաղաքական

Ադրբեջանը Ռուսաստանի թողտվությամբ փորձելու է հասնել «միջանցքի» իրականացմանը

Ադրբեջանը Ռուսաստանի թողտվությամբ փորձելու է հասնել «միջանցքի» իրականացմանը

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի, միջազգային դիտորդական խմբերի տեղակայման հարցերի շուրջ Radar Armenia-ն զրուցել է հանրային գործիչ Միքայել Հայրապետյանի հետ։

-Չնայած ԵՄ տեխնիկական գնահատման խմբի ներկայությանը՝ Ադրբեջանն ամենօրյա ակտիվությամբ խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը, այս անգամ՝ նաև խոշոր տրամաչափի զենքերով։ Ի՞նչ է սա նշանակում։ ՁԵր կարծիքով՝ նման գործելաոճի հետևում այլ ուժե՞ր են կանգնած, թե՞ ոչ։

-Ադրբեջանը խախտել և խախտելու է հրադադարը՝ անկախ այն բանից, թե սահմանի հայկական կողմում առավելագույնը երկու ամիս շարունակ եվրոպացիներ կլինե՞ն կանգնած, թե՞ ոչ: Օգտվելով այն հանգամանքից, որ «միջանցք» ասվածն այսօր պետք է առաջին հերթին Ռուսաստանին, Ադրբեջանը, հենց Ռուսաստանի թողտվությամբ, Ռուսաստանի հետ հետագա շահավետ առևտրի նպատակով առաջիկայում թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական, թե՛ էներգետիկ առևտրի գործիքներով փորձելու է հասնել «միջանցքի» իրականացմանը: Եվ այո՛, Ադրբեջանի նման գործելաոճի հետևում, Ձեր ասած, այլ ուժ կա՛ կանգնած, և այդ «այլ ուժը» Ռուսաստանն է:

-ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ քննարկվում է նաև ԵԱՀԿ դիտորդներ տեղակայելու հարցը և նշել է, որ ՀԱՊԿ դիտորդներ ուղարկելու նախնական որոշում արդեն կա։ Ըստ Ձեզ՝ սրանք աշխատո՞ղ մեխանիզմներ են, և կարելի՞ է այն համարել միջազգային ճնշման գործիք Ադրբեջանի նկատմամբ։

-Եվրոպական դիտորդների առկայությունը ռուս-թուրք-ադրբեջանական տարածաշրջանային պրոյեկտի կարճաժամկետ զսպման ինչ-որ միջոց է՝ չեղածից լավ: Նույնիսկ ծիծաղելի է, որ ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հայկական որոշում կա. մի՞թե մեր իշխանությունները կարող են այլ որոշում ընդունել, քան Մոսկվայից հրահանգվածը: ՀԱՊԿ որևէ բան, այդ թվում՝ դիտորդական առաքելություն, չի կարող անաչառ կամ հայանպաստ լինել. հետայսու այդ կառույցի ցանկացած գործունեություն մեր ազգային շահերի դեմ է լինելու: Ադրբեջանի նկատմամբ այսօր որևէ ուժային կենտրոն ճնշման գործիքներ չունի, չհաշված ռուս-թուրքական ալիանսը: Առարկայական միջոցն այն կլիներ, որ ռուսական ներկայությունը հեռացվեր Հայաստանից և փոխարինվեր ամերիկյան իրական զինուժով, իսկ դա ամերիկյան հաշվարկների մեջ առայժմ չկա, որքանով հասկանում եմ: Եվ քանի որ թուրքերն ու ադրբեջանցիներն էլ պահը հարմար նկատելով՝ հակված են հնարավորինս առավելագույնը թռցնել ու խափանել արևմտյան միջնորդությամբ որևէ՝ թեկուզ միջնաժամկետ համաձայնության կնքում, մեզ մնում է արդյունավետ նավարկել միմյանց բացասող այս հակամետ ուժերի և նրանց շահերի միջև և հնարավորինս արագ ինքնակազմակերպվել համաժողովրդական դիմադրության, ինչպիսին մի անգամ հաջողությամբ իրականացրել է Գարեգին Նժդեհը:

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական