Radar Armenia-ի զրուցակիցը ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբանյանն է։
-Ֆրանսիան ամենաբարձր մակարդակով աջակցում է Հայաստանին։ Ի՞նչ տրամադրություններ կան Ֆրանսիայի ադրբեջանական համայնքում։
-Ֆրանսիայում ադրբեջանական համայնքը շատ տեսանելի չէ՝ թե՛ քանակական, թե՛ որակական առումներով։ Հայ համայնքի կշիռն ավելի ծանր է։ Հայ համայնքը ֆրանսիական հասարակության մեջ ընդունված է։ Շատ հայեր հայկական ու ֆրանսիական ծագում և բարձր մակարդակի հարաբերություններ ունեն ամենատարբեր շրջանակների հետ։ Չի կարելի համեմատել հայկական և ադրբեջանական համայնքները։ Իհարկե, վերջին տարիներին Ֆրանսիայում կան քաղաքական և հասարակական խմբեր, որոնք կաշառակերության շնորհիվ այս կամ այն կերպ առնչություն ունեն Ադրբեջանի հետ և հաճախ հրավիրվում են Ադրբեջան, ջերմ ընդունելության արժանանում նրանց կողմից։ Բայց նրանց կշիռն էլ այդքան մեծ չէ Ֆրանսիայում։ Այստեղ շատ կարևոր հանգամանք կա, որ Հայաստանն ու Արցախը Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականության ու հարձակման զոհերն են, և հայկական կողմն ավելի մեծ զորակցություն է ստանում, քան հարձակվող կողմը։ Եվ, այս առումով, չի կարելի խոսել ադրբեջանական համայնքի վերաբերմունքի մասին, և կարծում եմ՝ ադրբեջանական համայնքը ճնշված վիճակում է, թեև Ֆրանսիայում գործող որոշ լրատվականներ մինչև վերջերս հավասարության նշան էին դնում հայկական և ադրբեջանական կողմերի միջև։ Այդ առումով ադրբեջանական համայնքը որոշ հույս ուներ, որ հայկական ազդեցությունը բավարար չէ, բայց, ինչպես ասեցի, Ֆրանսիայում հայերի նկատմամբ համակրանքն ավելի մեծ է, քան ադրբեջանցիների հանդեպ։
-Թուրքայի ԱԳ նախարար Չավուշօղլուն Ստրասբուրգում, թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, ասել է, որ ֆրանսաբնակ հայերի մի մասն ընդդիմանում է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը: Առհասարակ, ի՞նչ կարծիք ունեն Ֆրանսիայի հայերը հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ։
-Ֆրանսահայերը հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ մեծամասամբ ընդդիմանում են ոչ թե Ադրբեջանի հետ հարաբերություններին, այլ Ադրբեջանի հետ կնքվելիք այս նոր համաձայնությանը, որտեղ Հայաստանը զիջողի դերում է լինելու, և դա մեզ շատ ծանր կացության մեջ է դնում։ Ես խոսում եմ Ֆրանսիայում ապրող ավանդական սփյուռքի մասին, ոչ թե վերջին տարիներին եկածների։ Ֆրանսահայերը Հայաստանի ապագայի հանդեպ հույսեր չեն փայփայում, հատկապես, երբ Ադրբեջանը նման սպառնացող, կոշտ դիրքորոշում ունի։ Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, պետք է նշեմ, որ դեռևս 2008 թվականից ֆրանսահայերը դեմ են այդ հարաբերություններին։ Այդ շրջանում Թուրքիայի հետ հարաբերություններին դեմ լինելը այսօր արդարացված եմ համարում։ Թուրքիան աշխարհի հետ այլ կերպ է խոսում, Հայաստանի հետ՝ այլ։ Ֆրանսահայ համայնքը չի վստահում Ադրբեջանին և Թուրքիային, որոնք ամեն օր սպառնում են Հայաստանին։ Իհարկե, կգտնվեն որոշ փոքր շրջանականեր, որ կասեն, թե այդ հարաբերությունները Հայաստանի համար կարևոր են, բայց բարիդրացիական համաձայնագիր կնքելու ժամանակ պետք է հավասարություն լինի երկու երկրների միջև։ Այսօր ֆրանսահայերը վստահություն չունեն ոչ Ադրբեջանի, ոչ էլ Թուրքիայի հանդեպ։
-Ի՞նչ կարծիքի եք Ֆրանսիայում ՀՀ դեսպանի աշխատանքի մասին, հայկական համայնքի հետ ինչպիսի՞ հարաբերություններ ունի դեսպանը։
-Ֆրանսիայում ՀՀ դեսպանի աշխատանքի մասին կարող եմ ասել, որ ֆրանսահայերը գոհ են նրա աշխատանքից։ Տիկին Տոլմաջյանը բավական երկար տարիների փորձ ունի։ Շատ լավ գիտի Ֆրանսիան և նա շարունակում է նախկին դեսպանի գործը արժանապատվորեն կատարել։ Այլ խնդիր է, որ դեսպանատունը մյուս դեսպանատների պես բավարար անձնակազմ չունի։ Եվ քանի որ Ֆրանսիայի նման մեծ երկրներում մարտահրավերներն էլ են մեծ, կան հարցեր, որոնցով զբաղվելու ժամանակ դեսպանատունը չունի, որովհետև աշխատանքի դաշտը լայն է, իսկ դեսպանատան կարողությունները՝ սահմանափակ։ Իսկ նման դեսպանատների անձնակազմերը պետք է 10 անգամ ընդլայնել։
Հայկ Մագոյան