Քաղաքական

Ադրբեջանի կամակորությունը դուր չի գալիս ԱՄՆ-ին

Ադրբեջանի կամակորությունը դուր չի գալիս ԱՄՆ-ին

Տարածաշրջանում և Հայաստանի շուրջ տիրող իրավիճակի մասին Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ։

-ԵՄ-ն որոշեց դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման։ Արդեն Հայաստանում են ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամները։ Չնայած սրան՝ Ադրբեջանը վերջին օրերին խախտում է հրադադարի ռեժիմը։ Ի՞նչ է նշանակում Ադրբեջանի այս պահվածքը։

-Ադրբեջանը ոչ մի կերպ չի հաշտվում այն մտքի հետ, որ այս հակամարտության մեջ Ռուսաստանի դերակատարությունը պակասելու է, որովհետև ՌԴ-ի հետ պայմանավորվածություն ուներ, որը վերաբերում էր Ադրբեջանը Թուրքիայի հետ Զանգեզուրի միջանցքով կապելուն, որի իրագործման դեպքում այն չի լինի Հայաստանի իրավազորության ներքո։ Եվ այդ ճնշումն ու վերջին հարձակումները Հայաստանի բուն տարածքի վրա ապահովում էր Ռուսաստանը։ Իսկ այժմ Ադրբեջանի համար անակնկալ է, որ Միացյալ Նահանգները կոշտ արձագանքեց, որ պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հրադադարի պահանջները, և ասաց, որ պետք է զորքերը պետք է հետ քաշվի։ Նույն կերպ արձագանքեց ԵՄ-ն։ Եվ այս պարագայում ԵՄ դիտորդների փաստը բավական լուրջ նշանակություն ունի մեզ համար, իսկ Ադրբեջանի ու ՌԴ-ի համար անցանկալի է, որովհետև Ադրբեջանը ցանկանում է նորից անկայունություն ստեղծել՝ ցույց տալու համար, որ ոչ ԵՄ-ն, ոչ ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում էական հարց լուծել չեն կարող։

-Հայտարարություններ եղան, բայց այդպես էլ ադրբեջանական զորքերը դուրս չեկան ՀՀ սուվերեն տարածքից։

-Ադրբեջանական զորքերը դուրս չեկան մեր տարածքից, որպեսզի ցույց տան, որ առանձնապես վախեցած չեն ոչ ԱՄՆ արձագանքից, ոչ էլ ԵՄ-ից։ Դրա ամբողջ նպատակն այն է, որ ցույց տան, թե այս հարցում գերագնահատված է Արևմուտքի դերակատարությունը։ Բայց, միևնույն է, եթե այս պահին էլ զորքերը չհանեն, պարտավորված են լինելու դա անել, քանի որ Արևմուտքին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին, Ադրբեջանի կամակորությունն արդեն դուր չի գալիս, որը նույն բաների համար մեղադրում է ՌԴ-ին՝ ագրեսիայի, հարևանի տարածք մտնելու և միջազգայնորեն ճանաչված սահմանները ուժով վերաձևելու համար։ Մենք պետք է հետևողական քայլեր անենք, որպեսզի զուգահեռ անցկացնենք, որ ագրեսորը ՌԴ-ն է Ուկրաինայի դեպքում, և ագրեսոր է Ադրբեջանը մեր դեպքում։ Եվ ինչ վերաբերմունք ունի Արևմուտքը Ուկրաինայի նկատմամբ, նույնն էլ պետք է ունենա մեզ հետ կապված։

-Երեկ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտորդներ տեղակայելու հարցը, նաև ՀԱՊԿ-ի հետ է քննարկվում այս թեման, և արդեն կա նախնական որոշում։ Ձեր կարծիքով՝ նրանց ներկայությունն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ։

-Եթե անգամ Ադրբեջանը կասկածի տակ է դնում ԵԱՀԿ ֆորմատը՝ հիմնավորելով, թե Ֆրանսիան և ԱՄՆ-ն անթաքույց հակամարտության մեջ են ՌԴ-ի հետ, միևնույն է, Հայաստանի պնդմամբ էլ այդ ֆորմատը կարևորվել է։ Եվ եթե դրանից հետո Ադրբեջանը փորձեց ցույց տալ, թե ինչպես են իրար հետ աշխատելու այդ հակամարտության պարագայում, կոմպրոմիսային տարբերակ է հանդիպումը Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ, որը համանախագահ պետության ղեկավարն է։ Բացի դա էլ Ադրբեջանը փորձեց կասկածի տակ դնել, թե Ֆրանսիան այնպիսի հայտարարություններ է անում հոգուտ Հայաստանի և միջնորդի դերակատարում ստանձնել չի կարող։ ԵԱՀԿ դիտորդների ներգրավվածությունը ցույց է տալիս, որ Արցախի հարցը պետք է դիտարկել այն տեսանկյունից, որ տարածքային ամբողջականության և կարգավիճակի հարցերը լուծված չեն, իսկ ուժի դիրքից լուծել տևականորեն չկարգավորված կոնֆլիկտն՝ անընդունելի է։

-Արդյո՞ք դիտորդական այդ առաքելությունների ներկայությունը միմյանց չի խանգարի՝ հաշվի առնելով Արևմուտք-ՌԴ դիմակայությունը։

-Որևէ խանգարող հանգամանք չկա, որովհետև տրամագծորեն տարբեր բաներ կֆիքսեն, մենք դա էլ կտեսնենք։ Հայաստանն այսօր ձևակերպելու է իր աշխարհաքաղաքական այլընտրանքը։ Եթե Հայաստանը դժգոհ է ՌԴ-ի վերաբերմունքից, ապա դիմելու է միջազգային կառույցներին, որի անդամ ենք մենք։ Հայաստանը սուվերեն պետություն է, ինքն է որոշում արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայի խնդիրը։ Թող Ռուսաստանը վերանայի իր վերաբերմունքը՝ հասկանալով, որ կարող  է իր դերակատարությունը  կորցնել։

-Մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորություն տեսնու՞մ եք, և արդյո՞ք այդ պայմանագիրը խաղաղության երաշխիք կարող է լինել։

-Նույնիսկ նախնական պայմանավորվածությունը, որ մինչև տարեվերջ ֆիզիկապես կհասցնեն դելիմիտացիա անել, պայմանավորված է նաև ռուս-ուկրաինական պատերազմով։ Որովհետև ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը չափազանց մեծ է տարածաշրջանում և աշխարհաքաղաքական իրողությունների ֆոնին։ Ադրբեջանը նաև դրանով է չափում՝ պայմանավորվածությունը հարգի, թե ոչ։ Մտածում է, որ այս իրավիճակում հնարավոր է ստանալ ավելին։ 1994-ից Ադրբեջանը որևէ առաջարկի չի համաձայնվել՝ մտածելով, որ կարող է ստանալ ավելին, քան փաստաթղթով կամրագրվի։

-Ստացվում է՝ խաղաղության կոնցեպտը կախված է ռուս-ուկրաինական պատերազմի ելքի՞ց։

-Միանշանակ։ Հիմա մենք տեսնում ենք, որ ՄԱԿ-ը չի կարողանում որպես ինքնիշխան պետության անվտանգության երաշխավոր հանդես գալ։ ՄԱԿ-ն այլևս նոր իրավիճակին համահունչ չի կարողանում գործել։ Ուկրաինական պատերազմից հետո լինելու է նոր աշխարհակարգ, նոր կամ նորացված ՄԱԿ։ Եթե մենք ունենանք խաղաղության պայմանագիր, ո՞վ կերաշխավորի, որ Ադրբեջանը, այդ պայմանագիրը ձեռքին, սահմանը չի խախտի։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական