Radar Armenia-ի զրուցակիցը «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանն է։
-Աշխատանքային այցով Հնդկաստանում է ՀՀ ՊՆ նախարարը։ Ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ այս այցից, եթե հաշվի առնենք, որ վերջերս հրապարակումներ եղան Հնդկաստանից 260 միլիոն դոլարի զենք գնելու մասին։
-Այդ հրապարակումների համատեքստում, իհարկե, կարևորում եմ այդ այցը։ Գտնում եմ, որ Հայաստանը վերջին պատերազմից հետո պետք է իսկապես հնարավորություն ունենա դիվերսիֆիկացնել իր զինամթերքի ձեռքբերման վարքագիծը և կարողանա հնարավոր բոլոր միջոցներով և բոլոր երկրներից ձեռք բերել Հայաստանի մարտունակությունը ապահովող ռազմական տեխնիկա։ Հետևաբար, եթե այս այցը պայմանավորված է նաև այդ խնդրի լուծման հետ, միանշանակ դրական եմ վերաբերում, և շատ կարևոր է նաև արդյունքը։
-Ըստ Ձեզ՝ ՌԴ-ն ինչպե՞ս կարձագանքի Հնդկաստանից զենքի ձեռքբերմանը։
-Խնդիրը հետևյալն է. Հայաստանն այսօր գտնվում է իր տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը պաշտպանելու գործընթացում։ Չեմ կարծում, որ Հայաստանը պետք է որևէ կաշկանդվածություն ունենա, այդ թվում՝ ֆորմալ առումով գործընկերային կամ դաշնակցային հարաբերություններ ունեցող երկրի դիրքորոշումից, քանի որ հարցը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը, ռազմական մարտահրավերների չեզոքացմանը։ Վերջին հայտարարությունների ֆոնին, որ մեր դաշնակից երկրներից մեկին գումար ենք վճարել, և մինչև հիմա այդ զենքը չի մատակարարվել, ՌԴ-ի հետ համընդգրկուն հարաբերությունների հստակեցման կամ վերբեռնման քաղաքականություն պետք է որդեգրվի՝ հասկանալու, թե մենք որ խաղի կանոններով ենք իրար հետ առաջնորդվում։
-ՀՀ-ի և ՌԴ-ի միջև 1997թ․ օգոստոսի 29-ին ստորագրված բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ժամկետը մեկ տարուց կավարտվի։ Հավանականություն կա՞, որ պայմանագիրը չի երկարաձգվի։
-Քիչ հավանական եմ համարում նման սցենարը, բայց այլ խնդիր է, որ Հայաստանը լրջագույն ուսումնասիրություն կատարի։ Ես նաև հորդորել էի, որ ամբողջ քաղաքական վերնախավն ուսումնասիրի այն, որովհետև այդ պայմանագրով բազմաթիվ կետեր հնարավորություն էին տալիս Հայաստանի դեմ որևէ ռազմական հարձակման դեպքում օգտագործել ընդհուպ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ռեսուրսները։ Է՞լ ինչ պետք է արվի Հայաստանի դեմ։ Ինչ է՝ պետք է Երևանի կենտրոնում ռո՞ւմբ պայթի, որ հասկանանք, որ Հայաստանը Ադրբեջանի կողմից ենթարկվում է ռազմական հարձակման։ Հետևաբար, այդ պայմանագրի դրույթներն անգամ բավարար էին, որ կարողանային Հայաստանի պաշտպանությունն ապահովել։ ՀԱՊԿ-ի մասին անգամ պետք էր մոռանալ։ Այդ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ հնարավոր բանակցությունների ժամանակ հայկական կողմը պարտավոր է բարձրացնել այս հարցերը՝ այդ պայմանագրի դրույթները բյուրեղացնելու, երբեմն չգործելու պատճառները հստակ իմանալու, արձանագրելու, և պայմանագրի հետ կապված ընդհանուր փիլիսոփայությունը հասկանալու համար։ Կապրենք, կտեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն։
Հայկ Մագոյան