Հոկտեմբերի 13-ին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ են հանդիպել Ռեֆորմիստների կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանը, Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը, ԿԳ նախկին փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը, Ղազախստանում նախկին դեսպան Արա Սահակյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը և ուրիշներ։
Radar Armenia-ն հանդիպման վերաբերյալ մանրամասներ ճշտելու նպատակով կապ հաստատեց Արտաշես Գեղամյանի հետ, բայց վերջինս հրաժարվեց մանրամասներ հայտնել հանդիպումից՝ նշելով, որ այդ մասին կխոսի միայն ուղիղ եթերում, իսկ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն էլ ասաց, որ չի կարող դեսպանի հետ հանդիպումից մանրամասներ հայտնել։ Փորձեցինք կապվել նաև հանդիպման մյուս մասնակիցների հետ, որոնք, սակայն, չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, մեկնաբանելով կատարվածը, նշեց, որ ինքը որևէ խնդիր չի տեսնում, և ընդգծեց՝ ՌԴ դեսպանը, ինչպես յուրաքանչյուր այլ դեսպան, իրավունք ունի հանդիպելու օրինական գործող ցանկացած կազմակերպության ներկայացուցչի կամ ղեկավարի հետ։
«Հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս և Հայաստանի ներքաղաքական համատեքստը՝ ՌԴ դեսպանի այդ քայլն ուղղակի վերաբերմունքի դրսևորում է պաշտոնական Երևանի քաղաքականության հանդեպ»,- ասաց Մեհրաբյանը՝ շեշտելով. «Սրան պետք է վերաբերել հանգիստ, ընդունել ի գիտություն և շարունակել իրագործել այն օրակարգը, որը որդեգրել ենք՝ ի պաշտպանություն մեր տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, խաղաղության օրակարգի, որը Ռուսաստանը չի ճանաչում և կասկածի ու սպառնալիքի տակ է դնում»։
Խոսելով ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ հանդիպած ընդդիմադիրների մասին՝ քաղաքագետն ասաց. «Այսպես կոչված ընդդիմադիր խմբերը ռուսական ազդեցության պրոքսիներն են, և նրանց ընդդիմադիր կոչելը քաղաքագիտական սխալ է»:
Հայկ Մագոյան