Երեկ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է, դրա համար ինքը իշխանափոխության մասին խոսելիս չի հայտարարում, որ իշխանությունը պետք է փոխվի օրենքի տառին համապատասխան կամ բացառապես սահմանադրական ճանապարհով։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով Սաղաթելյանի հայտարարությանը, հակադարձեց՝ որտե՞ղ է Իշխան Սաղաթելյանը տեսել սահմանադրական կարգի տապալում։
Դավոյանի խոսքով՝ Իշխան Սաղաթելյանը շատ լավ գիտի, թե ովքեր են սահմանադրական կարգը տապալողները. «Երբ այդ մարդկանց կողքը նստում, հարցազրույցներ է տալիս և սահմանադրական կարգի տապալման ջատագովներին այստեղ-այնտեղ գովերգում է, իրար հետ հարթակներ են բարձրանում, ելույթներ են ունենում և իշխանափոխության կոչեր են անում, ընդամենը լեգիտիմացնում է նախկինում եղած սահմանադրական կարգի տապալումը։ Եթե ԱԺ պատգամավորը հայտարարում է, որ իշխանափոխությունը պետք է լինի այլ ճանապարհով, նշանակում է՝ իր համար ճանապարհ է հարթում»։
Ըստ Արփի Դավոյանի՝ 2020 թվականից առաջ և հետո հայրենիքը փրկելու մասին ընդդիմադիրների խոսքերը ուղղված են միայն իշխանություն ունենալուն. «Նրանց երբևէ չի հետաքրքրել երկրի ներկան, անցյալը և ապագան։ Իրենք Հայաստանը դիտարկում են որպես միայն իշխանության աղբյուր։ Նրանց ընդհանրապես հետաքրքիր չէ, թե իշխանությունն ինչպես կձևավորվի, քաղաքացին ինչ ցանկություններ ունի։ Նրանց համար գլխավորը իշխանափոխությունն է։ Եվ սրանով փաստում են, որ չեն հաշտվել 2021 թվականի պարտության հետ»։
Պատգամավորի խոսքով՝ ընդդիմադիրները պետք է հաշտվեն, որ իշխանությունը փոխվում է միայն սահմանադրական ճանապարհով՝ ընտրությունների միջոցով, իսկ այս տարբերակով նրանք որևէ շանս չունեն։
Հայկ Մագոյան