ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հերքել է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հայտարարությունները, թե երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն այսուհետ կանցկացվեն Հայաստանում և Թուրքիայում:
«Արմենպրեսի» հարցին ի պատասխան Հունանյանը հավաստիացրել է, որ Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպելու վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
Հարց. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն այսուհետ կանցկացվեն Հայաստանում և Թուրքիայում: Ինչպես կմեկնաբանեք Թուրքիայի արտգործնախարարի այս հայտարարությունը:
Պատասխան. Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպելու վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Հնչել են տարբեր առաջարկներ՝ այդ թվում սահմանը դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով քննարկել այդ առաջարկները։