Քաղաքական

Մենք Հայաստանի և հայ ժողովրդի կողքին ենք. շվեյցարացի խորհրդարանականների հայտարարությունը

Մենք Հայաստանի և հայ ժողովրդի կողքին ենք. շվեյցարացի խորհրդարանականների հայտարարությունը

Շվեյցարացի խորհրդարանականներ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը (Կենտրոն կուսակցություն) և Միշել Մաթերը (Կանաչ Լիբերալներ) Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղարի ուղեկցությամբ Հայաստանում են՝ դատապարտելու 2022 թ․ սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան։

Ադրբեջանը վերջին միջադեպի պատասխանատվության ամբողջ կրողն ու մեղավորն է։ Նրա հարձակումը միջազգային իրավունքի ոտնահարում է և, հետևաբար, հանցագործություն, որը պետք է միանշանակ դատապարտվի միջազգային հանրության կողմից։ Շվեյցարացի խորհրդարանականներն ընդգծում են, որ Հայաստանի
տարածքային ամբողջականությունն անխախտելի հիմք է տարածաշրջանում կայուն խաղաղության համար։

Միջազգային հանրությունը պետք է անհապաղ և առանց երկմտելու իր տեղը ցույց տա ագրեսոր ազգին և գործի հանուն Հայաստանի խաղաղության և պաշտպանության։ Ավելին, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն ունի ինքնորոշման իրավունք։ Խորհրդային ժամանակներից ի վեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը, իսկ վերջերս էլ գոյությունը լիակատար սպառնալիքի տակ են:

Անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական ուծումն անտեսվում է միջազգային հանրության և հերքվում՝ Ադրբեջանի կողմից: Հայերի դեմ տասնամյակներ շարունակ էթնիկ անհանդուրժողականության և կատաղի ռասսայական ատելության տարածումից հետո Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական տիրապետության տակ անցնելն անհնար է պատկերացնել: Գերեվարված հայ զինվորների նկատմամբ աննկարագրելի դաժանությունը և անմարդկային հանցավոր գործողությունները նկարահանվել և հպարտորեն հրապարակվել են սոցիալական ցանցերում՝ ահաբեկչություն իրականացնելու ակնհայտ մտադրությամբ։ Սրանք ռազմական հանցագործությունների և բարբարոսության փաստագրված դեպքեր են և որպես այդպիսին՝ պետք է դատապարտվեն ու պատժվեն միջազգային արդարադատության կողմից:

Պատվիրակության այցը Հայաստան վկայում է, որ Շվեյցարիան ժողովրդավարության, մարդու իրավունքների կողքին է և ձգտում է պաշտպանել հայ ազգը բռնապետությունից և ճնշումներից։ Հայաստանը գիտակցված քայլեր է ձեռնարկել դեպի ժողովրդավարություն և խոսքի ազատություն՝ այդպիսով հավատարիմ մնալով նույն արժեքներին, ինչ Շվեյցարիան: Շվեյցարիան հատուկ պատասխանատվություն է կրում՝ որպես Ժնևի կոնվենցիաների ավանդույթը պահող երկիր, որպես միջազգային առևտրի կարևոր կենտրոն։ Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի ջանքերն ուղղված են վստահեցնելու, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու իրավունքները չեն կարող վտանգվել Շվեյցարիայից ֆինանսավորվող զենքով, և Եվրոպայում ավտոկրատների և բռնակալների ոչ քաղաքակիրթ գործողությունները չեն ընդունվում։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական