Քաղաքական

«Ադրբեջանին պետք է, որ խաղաղության պայմանագիրը մերժողը Հայաստանը լինի». Բաղդասարյան

«Ադրբեջանին պետք է, որ խաղաղության պայմանագիրը մերժողը Հայաստանը լինի». Բաղդասարյան

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

-Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում կարծես մրցակցություն է սկսվել Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Ձեր կարծիքով՝ այդ մրցակցությունն ինչպե՞ս կանդրադառնա գործընթացի վրա։ 

-Կարծում եմ՝ արդյունքում լարվածությունը միայն կավելանա, որովհետև Ռուսաստանը շատ խանդոտ է վերաբերում այդ մրցակցությանը և Արևմուտքի ակտիվությունը համարում է կոնկրետ իր դեմ ուղղված քայլ՝ գրեթե բաց տեքստով սպառնալով, որ այն հանգեցնելու է լարվածության աճի։ Կարծում եմ՝ հնարավոր է, որ այդ սպառնալիքները իրականություն դառնան՝ որպես ադրբեջանական ագրեսիայի դրսևորումների միջոցով ճնշումների գործիք Հայաստանի վրա, քանի որ Ռուսաստանը մեր տարածաշրջանում շատ իրական ու լուրջ լծակներ ունի։

-ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն երեկ ասել է, որ մինչև դեկտեմբեր պետք է կնքվի խաղաղության պայմանագիր։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է ռեալ այդ ժամկետը. տարեվերջին ականատես կարո՞ղ ենք լինել այդ փաստաթղթին, թե՞ ոչ։

-Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանին է փոխանցել ընդլայնված առաջարկները։ Ենթադրում եմ, որ այդտեղ նոր պահանջներ կան Հայաստանի նկատմամբ, որը «Հայկական ժամանակ»-ը տպագրեց։ Բայց սա ընդամենը ենթադրություն է։ Եթե դա իսկապես այդպես է, ապա չեմ կարծում, որ այդ համաձայնագիրը կստորագրվի, որովհետև դա կլինի ոչ թե խաղաղության համաձայնագիր, այլ Հայաստանի, որպես ինքնիշխան պետության, փաստացի վերացման համաձայնագիր։ Այդ իսկ պատճառով էլ, կարծում եմ, այդ համաձայնագիրը չի ստորագրվի։ Ընդ որում, Ադրբեջանը հենց այդ նպատակով էլ ընդլայնված առաջարկներ է ներկայացնում, որպեսզի հայկական կողմը մերժի, և ինքը լեգիտիմ իրավունք ստանա։

-Ստացվում է՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը չի՞ բխում Ադրբեջանի շահերից։

-Իհարկե, չի բխում։ Պարզապես նրանց պետք է, որ մերժող կողմը Հայաստանը լինի, որովհետև եթե նրանց իսկապես պետք լիներ այդ խաղաղությունը, հենց Պրահայի հանդիպման օրը Ալիևը չէր հայտարարի, որ իրենք վերականգնելու են Ղարաբաղը և Զանգեզուրը։ Դա ակնհայտորեն հակասում է իրենց իսկ պաշտոնական հայտարարությանը, ինչն էլ ենթադրել է տալիս, որ Ադրբեջանի նպատակը միջազգային քարոզչության միջոցով խաղաղարար ներկայանալն է, որպեսզի հաջորդ պատերազմում կամ էսկալացիայի ժամանակ մեղավոր կողմ հայտարարվի Հայաստանը։

-Արևմուտքի ու ՌԴ-ի առաջարկություններում, դատելով այս պահին առկա տեղեկություններից, էական տարբերություններ կա՞ն,  թե՞ ոչ։

-Այո, էական տարբերություններ կան, որովհետև Ռուսաստանի նպատակը մեր տարածաշրջանում ամրապնդվելն է։ Իսկ Արևմուտքի նպատակը, ընդհակառակն, Ռուսաստանին տարածաշրջանից և, առաջին հերթին, Հայաստանից դուրս մղելն է։ Քանի որ շահերը տրամագծորեն հակադիր են, բնականաբար, նրանց տեսլականներն էլ են էապես տարբերվում։ 

-Հայաստանում այս կամ այն կողմի ազդեցության մեծացումը ռիսկեր պարունակու՞մ է։

-Եթե մեր առջև ունենայինք տեսանելի, կայուն, 3-4 տարվա հեռանկար, կարող էինք մտածել ընտրություն կատարելու մասին։ Քանի որ այդքան ժամանակ չունենք, պետք է հաշվի առնենք ուժային բևեռների մտադրությունները, այլ՝ իրական լծակների առկայությունը։ Ցավոք սրտի, մեր տարածաշրջանում իրական լծակները Ռուսաստանի ձեռքին են։ Այդ իսկ պատճառով էլ վտանգավոր է այս իրավիճակում փորձել միաժամանակ երկու ուղղությունների վրա աշխատելը, որովհետև այն կարող է շատ վտանգավոր լինել։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական