Քաղաքական

Բացահայտվել են անհետ կորած զինծառայողի հարազատից խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքեր. ԱԱԾ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բացահայտվել են անհետ կորած զինծառայողի հարազատից խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքեր. ԱԱԾ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի և Շիրակի մարզային վարչության ծառայողները, համագործակցելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների հետ, համալիր գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզել են, որ Գյումրի քաղաքի բնակիչ Բ. Պ.-ն, տեղեկանալով, որ համաքաղաքացի Խ. Գ.-ի ազգականը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում անհետ կորել է, նրանից խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու և կաշառք տալուն դրդելու դիտավորությամբ, վերջինիս ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից՝ բարձրաստիճան պաշտոնատար անձին՝ ԱԱԾ գեներալին, կաշառք տալու դիմաց նշված զինծառայողին իբր գերությունից ազատելու և ՀՀ վերադարձնելու գործընթացը կազմակերպելու համար պահանջել է 5.000.000 ՀՀ դրամ գումար:

2022 թվականի հոկտեմբերի 11-ին  ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հսկողության ներքո Խ. Գ-ն պայմանավորված 5.000.000 ՀՀ դրամ գումարից 1.200.000 ՀՀ դրամը Գյումրի քաղաքում փոխանցել է Բ. Պ-ին, որից անմիջապես հետո վերջինս բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, որի ընթացքում «Կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության շրջանակներում Բ.Պ-ի մոտից հայտնաբերվել և վերցվել է նշված 1.200.000 ՀՀ դրամը:

Բ. Պ-ն ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում շարունակելու է հանցավոր դեպքերի բացահայտմանն ուղղված գործողությունները և քաղաքացիներին հորդորում է ցուցաբերել իրավահպատակ վարքագիծ:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական