Քաղաքական

Ընդդիմադիրները խոստանում են նոր թափով սկսել պայքարը

Ընդդիմադիրները խոստանում են նոր թափով սկսել պայքարը

Դեռևս ամռանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, թե սեպտեմբերից «ավելի լայն ծավալով ու նոր շնչով կմտնեն պայքարի մեջ»: Տևական ժամանակ է, սակայն, ընդդիմությունը որևէ քայլ չի անում, և խոստացված պայքարը չի նշմարվում։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Radar Armenia-ի հետ զրույցում ասաց, որ համաձայն չէ ընդդիմության պասիվության մասին գնահատականներին։ Նրա խոսքով՝ ընդդիմությունն իր տեղում է, աշխատում է կոնկրետ ծրագրի վրա. «Դիմադրության շարժման ամենաակտիվ փուլից և ամենօրյա ռեժիմով հանրահավաքներից հետո, երբ ավելի պասիվ հատված արձանագրվեց, նաև քաղաքացիների մոտ հարցադրումներ եղան, թե ինչու՞ նույն ակտիվությամբ ընդդիմությունը չի շարունակում իր պայքարը։ Նաև հաշվի առնելով սահմանային լարվածությունը՝ որոշակի դադարներ եղան, բայց ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ որևէ տեղ չի գնացել, պայքարից չի նահանջել և այժմ աշխատանքներ է տանում՝ նոր թափով պայքարն սկսելու համար»,-պարզաբանեց Խամոյանը։

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ նիստերը, խորհրդարան չի գնում, բայց որոշ ընդդիմադիրներ իշխանության ներկայացուցիչների հետ մասնակցում են արտերկրյա գործողումներին, Խամոյանն արձագանքեց, թե այդ այցերը միայն «հանուն Արցախի են» ու «Հայաստանի անվտանգային փխրուն միջավայրի արձանագրումները միջազգային հարթակներում ներկայացնելու համար»։

«Սկզբնական շրջանում, պայմանավորված նաև մեր ընկերների ապօրինի ձերբակալություններով, հայտարարություն տարածեցինք և բոյկոտեցինք նաև միջազգային հարթակներում աշխատանքը, բայց այնուհետ դրան հաջորդեց մեր գործընկերների՝ կալանքից ազատ արձակումը, և մենք արձանագրեցինք, որ, չնայած իշխող խմբակցության հետ աշխատելու անհամատեղելիությանը, կարևորում ենք միջազգային հարթակներում մեր մասնակցությունը և Հայաստանի ձայնը ավելի լսելի դարձնելը»,- ասաց Խամոյանը և նշեց, որ ոչ բոլոր այցերին է, որ իրենց պատգամավորները մասնակցում են. «Միայն այն դեպքում են մասնակցում, երբ Արցախի և ՀՀ տարածք Ադրբեջանի ապօրինի ներխուժման մասին խոսելու առիթ և հնարավորություն կա»:

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական