«Մենք խիստ անհանգստացած ենք ադրբեջանական զինծառայողների կողմից անզեն հայ գերիներին մահապատժի ենթարկելու մասին վերջին հրապարակումներով և պահանջում ենք համակողմանի ու անկողմնակալ հետաքննություն։ Վայրագության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն». ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան՝ Radar Armenia-ի հարցման պատասխանում։
Դեսպանատնից փորձել էինք տեղեկություններ ստանալ՝ արդյո՞ք ԱՄՆ կառավարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների խաղաղ կարգավորման գործում իր հանձնառության շրջանակներում աշխատանք է տանում 44-օրյա պատերազմում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձման ուղղությամբ, և արդյո՞ք ԱՄՆ կառավարությունը դիտարկում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը՝ նկատի ունենալով հայ գերիների նկատմամբ խոշտանգումների դեպքերի տեսանյութերը։ Նաև հարցրել էինք՝ արդյո՞ք սրանք ռազմական հանցագործություններ են, և ինչպիսի՞ առարկայական արձագանք պետք է ստանան միջազգային հանրության կողմից։
Դեսպանատան պատասխանում նշված է, որ ինչպես նախորդ ամիս, այնպես էլ այլ ժամանակներում գերեվարվածների անհապաղ և առանց վերապահումների վերադարձը կարևոր քայլ է տևական խաղաղության հասնելու հարցում։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։
Հայկ Մագոյան