Radar Armenia-ն զրուցել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ։
-Պարոն Բաբաջանյան, փորձագետներն ու քաղաքական գործիչները մերթընդմերթ հայտարարում են, թե Հայաստանի առջև Ռուսաստան-Բելառուս միությանը միանալու պայման է դրվում Ռուսաստանի կողմից։ Որքանո՞վ է Մոսկվան ներկայումս ի վիճակի Հայաստանի առաջ դնել նման պահանջ։
-Այդ հարցին պատասխանելու համար իրավիճակն ունի զգայականից դուրս դիտարկման կարիք:
Այն, որ Ռուսաստանն ունի ռազմավարական այդօրինակ տեսլական, նորություն չէ: Ավելին, այդ հանգամանքը դիտարկելի է վաղուց: Հարցն այն է, թե ինչ մակարդակով է արվում այդ հարցադրումը, որքանով է այն հայ-ռուսական ընթացիկ օրակարգի մաս:
Կասկածից վեր է, որ Մոսկվան կենսունակ չէ ռեգիոնալ ռազմա-քաղաքական գլխավոր մոդերատորի իր դերը կատարելու հարցում։ Միութենական պետության պատասխանատվություն վերցնելը պահանջում է է՛լ ավելի մեծ ծավալի ուժ և կենսունակություն: Ունա՞կ է Մոսկվան դնել այդպիսի նպատակներ այսօր, երբ չափազանց մեծ խնդիրների է բախվում ուկրաինական ուղղությամբ և, այդ խնդիրների համատեքստում էլ, զգում թե՛ Ադրբեջանի, թե՛ նրա մեծ եղբոր՝ Թուրքիայի, թե՛ նաև Իրանի աջակցության կարիքը:
Մինչդեռ, միութենական պետությունը նշանակելու է հարաբերության որոշակի և սկզբունքորեն նոր ռեժիմ այդ եռյակի հետ: Պատրա՞ստ է Ռուսաստանը դրան: Այդ հարցը ներկայումս «կախված է օդում», հետևաբար վերստին վերադառնում ենք հարցին, թե որքանով է ներկայումս արդիական բարձրացվող հարցը և որքանով է պարզապես ներքաղաքական մանևրի հաշվարկ: Այն, որ հարցը էքզիստենցիալ առումով Հայաստանի մարտահրավերների շարքում է, չկա կասկած: Սակայն, դրա ընթացիկ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ ռեժիմների ստույգ գնահատումը չափազանց կարևոր է՝ մարտահրավերին հակազդելու քաղաքականության կազմակերպման և Հայաստանի հասարակական-քաղաքական, պետական օրգանիզմի անելիքների համակարգման տեսանկյունից:
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ, ըստ մեկնաբանությունների, Մոսկվայի կարծիքն այն է, որ անորոշ ժամանակով հետաձգվի Արցախի կարգավիճակի հարցը, պահպանվի ներկայիս ռազմա-քաղաքական ստատուս-քվոն: Այդ պարագայում, սակայն, առաջանում է անվտանգության հարցը՝ նկատի ունենալով ռիսկը, որ Ադրբեջանը կարող է գնալ իրավիճակի սրման, իսկ Արևմուտքը չի ունենա դա զսպելու մոտիվ: Կարո՞ղ է զսպել Ռուսաստանը, ապահովագրել Արցախը նորանոր «փառուխներից» կամ Հայաստանի տարածքի նկատմամբ հնարավոր ոտնձգություններից։
Եթե իրավիճակը զարգանում է Արևմուտքի մոտեցումների տրամաբանությամբ, ապա Ռուսաստանը կանգնում է Արցախում իր ներկայության «իմաստազրկման» խնդրի առաջ: Մյուս կողմից, սակայն, կա նաև հետևյալ հնարավոր սցենարը. երբ Արցախը հրաժարվում է Արևմուտքի մոտեցումից՝ թեկուզ գնալով նաև Հայաստանի քաղաքական դիրքավորմանը հակառակ:
Մոսկվան ունի՞ այդ մարտահրավերներին հակազդելու ռեսուրս, երբ այսօր լրջագույն խնդիրների է բախվում ուկրաինական ուղղությամբ: Եթե ունի, ապա ինչո՞ւ այն չի գործադրվել մինչ այժմ: Միութենական պետության առումով հարցը խիստ տեսական է մի շարք պատճառներով: Ինչ վերաբերում է «միջանցքային» հանգամանքին, ապա հարց է առաջանում՝ Հայաստանը հրաժարվո՞ւմ է նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետից, եթե Մոսկվան ունի պարտադրելու անհրաժեշտություն, թե՞ Բաքուն է պահանջում ավելին, և Ռուսաստանը, չունենալով այդ պահանջը զսպելու կարողություն, փորձում է ավելին կորզել Հայաստանից: Ի վերջո, այդ պարագայում Հայաստանի համար արևմտյան ակտիվությունն ու մոտեցումները դառնում են բալանսավորման կարևոր հանգամանք: Իհարկե, ամենևին ոչ այն, ինչ Հայաստանը կերազեր իր կամ Արցախի համար, բայց, այդուհանդերձ, բալանսավորման նվազագույն հնարավորություն, եթե Ռուսաստանը չունի իր մասնակցությամբ «բալանսավորված» եռակողմ հայտարարությունների տառն ու ոգին պահելու կարողություն, այլ պահանջելու է Հայաստանից ավելին, քան գրված է պատերազմի պարտության այդ պահի հետևանքով: Միևնույն ժամանակ, անկասկած է, արևմտյան մոտեցումների հանգամանքը էապես շոշափում է գծեր, որոնք Ռուսաստանի համար կարող են դիտվել ռազմավարական՝ դրանից բխեցնելով որոշակի արձագանքներ կամ քայլեր, որոնք Հայաստանի համար կարող են առաջացնել նոր ռիսկեր: Ընդ որում, բաց է այդ ռիսկերի հուսալի զսպման հարցում Արևմուտքի թե՛ պատրաստակամության, թե՛, նաև, կարողության խնդիրը: Իրավիճակի կառավարումը Հայաստանից և Արցախից պահանջելու է բալանսավորված խաղի նոր որակ:
-Ըստ միջազգային զլմ-ների՝ հոկտեմբերի 8-ին Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից պայթեցվել է Ղրիմի կամուրջը։ Հոկտեմբերի 10-ի առավոտյան Ուկրաինայի մայրաքաղաք Կիևն ու գործնականում բոլոր խոշոր քաղաքները ենթարկվել են զանգվածային հրթիռակոծման: Ըստ ուկրաինական իշխանության՝ հարվածներ են հասցվել մի շարք կարևորագույն նշանակության ենթակառուցվածքների՝ տրանսպորտային, էներգետիկ: Կիևում հրթիռակոծվել է այն շրջանը, որտեղ գտնվում են Ուկրաինայի նախագահի գրասենյակն ու երկրի անվտանգության ծառայության գլխամասը: Ի՞նչ զարգացումներ կարելի է կանխատեսել, և ո՞րը պետք է լինի այս իրավիճակում Հայաստանի դիրքավորումը։
-Այն, որ Ռուսաստանը պատրաստում է այդ զանգվածային հարվածը, նկատելի էր նախօրեին՝ ՌԴ նախագահ Պուտինի և քննչական կոմիտեի ղեկավար Բաստրիկինի զրույցից:
Ռուսական պետական մեդիան տարածեց զրույցից կարճ հատված, որտեղ Բաստրիկինը զեկուցում էր և հայտնում Ղրիմի կամրջի պայթեցման վերաբերյալ եզրակացությունը, որ դա արել են ուկրաինական հատուկ ծառայություններն, ու նպատակը եղել է հարված հասցնել կարևորագույն նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքին: Պուտինը զեկույցը լսելուց հետո ընդամենը արձանագրեց, որ ինքն ուզում էր լսել հենց այդ եզրակացությունը: Նկատելի էր, որ այդպիսով Ռուսաստանը նախապատրաստում է ուժեղ հարվածի քարոզչական հիմքը: Մյուս կողմից, անկասկած էր, որ թիրախավորելով Ղրիմի կամուրջը՝ Ուկրաինան Ռուսաստանին հասցնում է հարված, որին չպատասխանելը Մոսկվայի համար հավասարազոր կլիներ պարտության և ապտակի:
Բանն այն է, որ Ղրիմի կամուրջը ոչ միայն ենթակառուցվածքային, այլև խորհրդանշական իմաստ ունի, հետևաբար, այն թիրախ դարձնելու պարագայում Ռուսաստանի հնարավոր արձագանքը հաշվարկելը բարդ չէր: Պատրա՞ստ էր Ուկրաինան դրան, թե՞ ոչ, սա հարց է, որ չունի միարժեք պատասխան:
Փաստ է, որ Ուկրաինայի իրավիճակը մտնում է ռազմական թեժացման նոր փուլ, ինչն, իր հերթին, բերելու է նաև քաղաքական գործընթացների ինտենսիվացման: Երևանի խնդիրը իրավիճակը մինչև նոյեմբեր կառավարելն է՝ առանց բախտորոշ «կտրուկ շարժումների»: Նոյեմբերի 15-ին Ինդոնեզիայում կայանալու է մեծ քսանյակի՝ G20-ի գագաթնաժողովը, որտեղ կարող են ֆունդամենտալ զարգացումներ տեղի ունենալ։ Որևէ երաշխիք չկա, որ նոյեմբերի վեհաժողովից հետո չի շարունակվի կամ ավելի չի խորանա մեծ թեժ անկանխատեսելիությունը, սակայն կան նաև նախադրյալներ, որոնք հուշում են, որ վեհաժողովից հետո իրադրության հնարավոր միտումների ավելի կայուն ուրվագծի հավանականություն կա՝ գոնե միջանկյալ ռեժիմում: