Ռուս-ուկրաինական պատերազմի նոր զարգացումների և այս համատեքստում մեր տարածաշրջանում տիրող գործընթացների շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ։
-Հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի պայթյունից հետո այսօր Ռուսաստանը հրթիռակոծել է ողջ Ուկրաինան։ Ի՞նչ եք կարծում՝ ռուս-ուկրաինական պատերազմը սրանով նո՞ր փուլ է մտնում։
-Չեմ կարծում։ Ես այլ ձևակերպում կտայի՝ գնալով խաղադրույքներն են բարձրանում։ Եվ դա շատ վտանգավոր է, որովհետև արդեն իսկ մեծ խաղադրույք անել, կարծես, չի կարելի՝ հնարավորություն չկա։ Ղրիմի կամուրջը պայթեցնելով՝ Ուկրաինան հարված է հասցրել անձամբ Պուտինին։ Եվ հիմա ուկրաինական քաղաքների, այդ թվում՝ Կիևի հրթիռակոծությունը, պատասխանի առաջին մասն է։ Եվ, կարծում եմ, գնալով այդ խաղադրույքները բարձրանալու են։
-Կարելի՞ է ասել, որ այս վերջին իրադարձությունները հետաձգեցին կողմերի միջև բանակցություններ սկսելու գործընթացը։
-Այո, կարծում եմ՝ բանակցություններ հիմա չեն լինի, որովհետև խաղադրույքները բարձրանում են, և բանակցությունների համար, գոնե այս փուլում, որևէ հիմք չկա։ Պարադոքս կարող է թվալ, բայց Եվրոպան ու ԱՄՆ-ն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակված են բանակցությունների և փորձում են այս հարցը փակել։ Կա այդպիսի միտում, եթե հաշվի առնենք այն հայտարարությունները, որոնք արվում են Վաշինգտոնից և Բրյուսելից։ Բանակցություններ, վաղ, թե ուշ, լինելու են, բայց կանխատեսել՝ երբ, կարծում եմ՝ դեռ վաղ է։
-Ձեր կարծիքով՝ միջուկային զենքի կիրառման հավանականությունը մեծանու՞մ է։ Ո՞ր դեպքում ՌԴ-ն կգնա այդ ճանապարհով։
-Առաջին հայացքից նայելով՝ միջուկային զենքի կիրառման հնարավորությունը մեծանում է։ Բայց այս հարցում ես լավատես եմ։ Չեմ կարծում, որ Պուտինը միջուկային զենք կկիրառի։ Պետք է հասկանալ Պուտինի անձնական ֆոբիաները։ Նա անգամ վախենում է կորոնավիրուսից։ Պանդեմիայի ժամանակահատվածում նա ապրում էր բունկերում, և չեմ կարծում, որ նա կգնա այդ ռիսկին՝ առաջին հերթին իր իսկ կյանքը վտանգելու համար։ Պարզ է, որ մնացածի կյանքը նրան այդքան էլ հետաքրքիր չէ։ Պուտինը կարող է միջուկային զենք կիրառել միայն մեկ դեպքում. երբ նրա ետևից գան՝ տանելու Հաագայի միջազգային դատարան և դատեն՝ որպես ռազմական հանցագործի։ Դա միակ տարբերակն է։ ՌԴ-ում պետք է լինի իշխանափոխություն, պետք է լինի ռազմական ինտերվենցիա Արևմուտքի, Ուկրաինայի կողմից, և միայն այդ դեպքում Պուտինը կգնա այդ քայլին։
-Այս հակամարտության շարունակությունը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի և տարածաշրջանի համար, եթե հաշվի առնենք, որ ՌԴ-ն ավելի է խրվում այս պրոբլեմի մեջ։
-Հայաստանում կային բազմաթիվ մարդիկ, որոնք ուրախանում էին, երբ սկզբից Ռուսաստանը առաջ էր գնում։ Հիմա էլ կան մարդիկ, ովքեր ուրախանում են, որ Ուկրաինան է առաջ գնում։ Ես ոչ առաջին, ոչ երկրորդ խմբին չեմ պատկանում։ Կարծում եմ՝ մեր շահերից է բխում, որ այս կոնֆլիկտը հնարավորինս շուտ վերջանա։ Նախ այն պարզ պատճառով, որ այդ դեպքում միջազգային հանրության ուշադրությունը ավելի շատ կսևեռվի հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վրա։ Մենք այսօր ունենք այդ ուշադրության պակասը։ Թեև պրոցեսները գնում են, բայց թիվ մեկ հետաքրքրությունն Ուկրաինան է։ Որքան շատ է Ռուսաստանը խրվում պատերազմում, այնքան աճում են մեր վտանգները։ Մի կողմից, հնարավոր է, ՌԴ-ն վերջնական պարտվի այս պատերազմում և դուրս գա այս տարածաշրջանից, մյուս կողմից էլ, հնարավոր է, Ռուսաստանը դուրս գալուց առաջ այս տարածաշրջանը պայթեցնի և հանձնի Արևմուտքին։ Այնպես, որ վտանգները բավականին շատ են, և մեր թիվ մեկ շահը պատերազմի շուտափույթ ավարտն է։
Հայկ Մագոյան