Քաղաքական

Նորքի զինված խմբի անդամները դատապարտվեցին ազատազրկման

Նորքի զինված խմբի անդամները դատապարտվեցին ազատազրկման

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է 2015թ. բացահայտված Նորքի զինված խմբի գործով դատավճիռը:

Հիշեցնենք՝ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում 20 հոգի էր։

Ըստ մեղադրանքի՝ 20 հոգանոց զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը, մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, նաև հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, ԱԺ-ի, Կառավարության և այլ պետական հաստատությունների շենքերի վրա:

Դատարանը զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանին մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքում և նրան դատապարտեց 13 տարվա ազատազրկման։ Հաշվակցելով նախաքննության և դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը վերջնական պատիժ սահմանեց ազատազրկում 9 տարի 2 ամիս ժամկետով։

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը արդարացվեց Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու և ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու հոդվածներով՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Սակայն Շիրխանյանը մեղավոր ճանաչվեց իշխանությունը յուրացնելուն նախապատրաստությանն օժանդակելու համար։ Նրա նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 6 տարի ժամկետով։ Միաժամանակ, Շիրխանյանը համաներման կիրառմամբ նշանակված պատժից ազատվեց։

Գյումրու Կաթոլիկ եկեղեցու քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկում՝ 9 տարի ժամկետում։ Միաժամանակ, սակայն, դատարանը  որոշեց նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 5 տարի ժամկետով։

Ամբաստանյալներից Գառնիկ Մարգարյանին, Վլադիմիր Առաքելյանին, Խաչիկ Ավետիսյանին, Հարություն Սարիբեկյանին դատարանն արդարացրեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Գործով անցնող մյուս ամբաստանյալները ևս մեղավոր ճանաչվեցին և դատապարտվեցին տարբեր ժամկետների ազատազրկման։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական