Քաղաքական

«Կռիվը ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի համար է». Միքայել Հայրապետյան

«Կռիվը ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի համար է». Միքայել Հայրապետյան

Radar Armenia-ի զրուցակիցը հանրային գործիչ Միքայել Հայրապետյանն է։

-Ամերիկյան կողմի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 ռազմագերու։ Եվ, ընդհանրապես, ամերիկյան կողմը վերջերս բավական ակտիվ է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մոդերատորի դերը ՌԴ-ից անցնում է ԱՄՆ-ին։

-Երախտագիտությամբ ընդունելով ամերիկյան՝ հատկապես հետթրամփյան շրջանում ակտիվացած ջանքերը, այնուամենայնիվ, չարժե հուսալ, թե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորչի դերը հենց հիմա է վերջնականապես անցնում ԱՄՆ-ին, որքան էլ դա մեզ համար ցանկալի լինի: Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո ևս ԱՄՆ-ն քաղաքական և հումանիտար աներևակայելի ջանքեր գործադրեց, որպեսզի ռուս-թուրքական դաշինքին թույլ չտա հոշոտել հայ ժողովրդին և հայոց պետականությունը, սակայն մինչև վերջ չկարողացավ հաջողել. 1918-23թթ., հակառակ քաղաքակիրթ Արևմուտքի, թուրքերը ցեղասպանական գործողությունները շարունակեցին և ռուսների հետ կիսեցին ու ոչնչացրին ՀՀ-ն: Ծայրահեղ լրջմտություն և զգոնություն է հարկավոր: 

-Արդյո՞ք ԱՄՆ-ին կհաջողվի ընդլայնել ներկայությունը տարածաշրջանում, թե՞, այնուամենայնիվ, ՌԴ-ն թույլ չի տա։

-Անշուշտ, ԱՄՆ-ն կընդլայնի և առավել ծանրակշիռ կդարձնի իր ներկայությունը, և պատերազմող ու թուլացող ՌԴ-ն ամեն գնով կփորձի խոչընդոտել դրան: Վիրավոր ու քաղցած գազանն առավել վտանգավոր է, քան առողջն ու կուշտը. իսկ հիմա Ռուսաստանը և՛ վիրավոր է, և՛ քաղցած: Խնդիրն այն է, որ մեզ անհայտ է, թե ներկա Ռուսաստանն էլի ինչ խելագարությունների է ունակ համաշխարհային հարթակում. վաղը կարող է միանգամայն այլ դասավորություն ստեղծվել, և մեծ բախման խառնաշփոթում մենք ոտնատակ չգնալու հրամայականի առջև ենք:

-Ձեր կարծիքով՝ Միացյալ Նահանգներն ունի՞ ռեսուրս և, ամենակարևորը, ցանկություն՝ ճնշումներ գործադրելու և զսպելու Ադրբեջանին։

-Ամերիկյան ռեսուրսներին և ցանկությանը կասկածել ամենևին պետք չէ. գլխավորը նորին մեծություն ժամանակի գործոնը հաշվի առնելն է: Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը երբեք չեն վարանի օգտվել ստեղծվելիք համաշխարհային, թեկուզ կարճատև, քաոսից: Եթե մինչև հիմա ռուս-թուրքական դաշինքին չի հաջողվել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրերի տեսքով երկրորդել Կարսի ապօրինի պայմանագիրը և Պուտինի հեղինակած նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն եռակողմը, դրանում մենք պարտական ենք հենց ամերիկյան ռեսուրսներին և ցանկությանը: Սակայն, կա դրա մեկ ուրիշ կողմը ևս. պետք է վերջապես ընդունենք, որ տարածաշրջանում, ինչպես 100 տարի առաջ էր, կռիվը ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի համար է: Եվ հարց է, թե Ադրբեջանին մահա՞կ ցույց կտան, թե՞ կփորձեն կաշառել: Այդ խճողվածքի դեմ մեր հիմնական անելիքը մեր ինքնակազմակերպումն է՝ հոգևոր անվտանգության զգացմամբ, առողջ բանականությամբ և ինքնապաշտպանվելու վճռականությամբ: Դրանով մենք կավելացնենք ամերիկյան և՛ ռեսուրսները, և՛ ցանկությունը:

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական