Քաղաքական

Ռ.Քոչարյանն ու Վ. Օսկանյանը ճանաչել են ԼՂ-ն Ադրբեջանի մաս, Ս. Սարգսյանն ու Է. Նալբանդյանն ընդունել են այդ ժառանգությունը. վարչապետ

Ռ.Քոչարյանն ու Վ. Օսկանյանը ճանաչել են ԼՂ-ն Ադրբեջանի մաս, Ս. Սարգսյանն ու Է. Նալբանդյանն ընդունել են այդ ժառանգությունը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի կազմում։

Փաշինյանի խոսքով. «Արդյո՞ք Հայաստանի որևէ իշխանություն Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում, և ո՞ր իշխանությունն է ճանաչել։ Այո, Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ղարաբաղի կազմում, և դա իրականացվել է Վարդան Օսկանյանի հեղինակությամբ։ Այն պահին, երբ Հայաստանն ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում»։

Փաշինյանը նշեց, թե ինքն այս թեմայով ԱԺ ամբիոնից խոսել է, և դրանից հետո որևէ բովանդակային հակադարձում չի եղել. «Հիմա պետք չի հիստերիկ հայտարարություններ անել։ Ավելին ասեմ՝ Վարդան Օսկանյանն է եղել, որ ՀՀ-ին հրապարակային ճանաչել է օկուպանտ, և ՀՀ-ն Վարդան Օսկանյանի և իր ղեկավարի այս երկու գործողությունները չի կարողացել հաղթահարել, և մինչև այսօր էլ չի կարողացել հայտարարել։ Պետք է խոստովանել, որ այդ հայտարարությունները հնարավոր է՝ երբեք էլ չկարողանանք հայտարարել։ Մենք փորձում ենք կառավարել այդ հայտարարության հետևանքները, որովհետև այն ժամանակ ոչ թե Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս, այլ՝ Հայաստանի Հանրապետությունն է ճանաչել։ Թող լացակումած կամ խրոխտ ելույթներ չունենան։ Եւ դա տեղի է ունեցել 2007թ., դա եղել է իշխանության փոխանցման կոմբինացիայի մասը։ Սերժ Սարգսյանն ու Էդուարդ Նալբանդյանն էլ են ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Ռոբերտ Քոչարյանն է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս՝ 1998թ. Ղարաբաղը դուրս թողնելով բանակցային գործընթացից, և 1999թ. նոյեմբերին վավերացնելով ԵԱՀԿ անվտանգության ստամբուլյան խարտիան»։ 

Փաշինյանը մանրամասնեց, որ իրենք պայքարել են այդ որոշումների դեմ, որ կարողանան ետ պտտել այն. «Արդյո՞ք հաջողել է, ոչ, չենք հաջողել։ Եւ ժամանակն է խոստովանելու, որ երևի չենք էլ հաջողելու»։

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանը ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի մաս. «Եւ դրա հեղինակը Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են, և Սերժ Սարգսյանն ու Էդուարդ Նալբանդյանն այդ ժառանգությունն ընդունել են որպես իշխանություն ստանձնելու նախապայման»։

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, թե իրեն քննադատում են «Արցախը Հայաստանն է ու վերջ» արտահայտության համար։ «1990թ. ՀՀ անկախության հռչակագրի նախաբանում հղում է արված ԼՂ-ի և ՀՀ-ի վերամիավորման մասին ԳԽ և ԼՂԻՄ ազգային խորհրդի որոշումներին։ Եւ այն փաստը, որ նախորդ իշխանության ներկայացուցիչներն ինձ ամենամեծ քննադատությունն ուղղում են այդ առումով, նշանակում է՝ նրանք խոստովանում են, որ իմ իշխանությունը ստանձնելու և այդ հայտարարությունն անելու պահին մենք արդեն գործ ենք ունեցել Անկախության հռչակագրի բովանդակության չեղարկման հետ՝ նախորդ բոլոր բանակցողների կողմից, բոլոր՝ առանց բացառության»։

Փաշինյանի պնդմամբ՝ իրենց ուղղված բոլոր մեղադրանքների հասցեատերերը իրենք են. «Բանակցային այն թուղթը, որ սեղանին թողել է Սերժ Սարգսյանը, եթե այդ չափանիշներով ու բանաձևերով գնահատենք, եղել է կապիտուլյացիայի թուղթ։ Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել է»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական