Քաղաքական

Ադրբեջանը ռուսական վերնախավի զգալի մասին դարձրել է իր շահերի սպասարկուն

Ադրբեջանը ռուսական վերնախավի զգալի մասին դարձրել է իր շահերի սպասարկուն

Radar Armenia-ի զրուցակիցը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրավագետ Արտաշես Խալաթյանն է։

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, թե ադրբեջանական ագրեսիայի զսպման լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ լինի դա ՄԱԿ Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության։ Հնարավոր համարու՞մ եք սրա իրականացումը և արդյունավետությունը։

- Վարչապետի տեսլականը՝ իրավիճակի ապաէսկալացման հարցում միջազգային դիտորդական առաքելության ներգրավման վերաբերյալ, այս պահին իրատեսական է և կարող է օգտակար լինել։ Բայց պետք է հաշվի առնել, որ, ավելի լայն համատեքստում, խաղաղապահ առաքելության՝ որոշակի միջազգային զինված ուժերի տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին կարող է լինել ժամանակատար՝ հաշվի առնելով, որ այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետությունների միջև խորը հակասություններ կան։ Բևեռացումը բավականին խորն է։ Իսկ մենք գիտենք, որ միջազգային խաղաղապահ առաքելություններին համապատասխան մանդատ տրվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից։ Հետևապես, իրատեսական չէ այս պահին ակնկալել ապաէսկալացման կտրուկ և համապարփակ լուծում։ Այստեղ կարևոր է հաշվի առնել մի հանգամանք՝ քանի դեռ Հայաստանը համարվում է ՀԱՊԿ անդամ, մենք անհասկանալի ենք միջազգային գործընկերների համար, որովհետև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվելով՝ փորձում ենք այլընտրանքներ գտնել, բայց չենք բարձրացնում ՀԱՊԿ-ում մնալու նպատակահարմարության հարցը։

Այս առումով, մի տարօրինակ իրավիճակի ենք բախվում, երբ ՀԱՊԿ-ը բացարձակ անհամարժեք է իր դաշնակից պետության անվտանգությանը և որևէ գործնական քայլ չի ձեռնարկում։ Հայաստանը կաշկանդված է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված սահմանափակումներով, օրինակ, ոչ ՀԱՊԿ անդամ պետություններից զենք ձեռք բերելու համար անհրաժեշտ է բոլոր անդամ պետությունների համաձայնությունը։ Եվ դա առիթ է հանդիսանում ՄԱԿ անվտանգության խորհրդում Ռուսաստանի ներկայացուցչի պնդման համար, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող հարց է, և ՀԱՊԿ-ը պատրաստ է պայմանագրային պարտավորությունները կատարել։ Եվ այստեղ է, որ Հայաստանը պետք է հստակ բարձրաձայնի, որ ՀԱՊԿ-ը որևէ կերպ չի կարող չեզոքացնել անվտանգային սպառնալիքները։ Հետևաբար, մենք պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից և միայն դրանից հետո կկարողանանք արդյունավետ առաջ տանել մեր կարիքները սպասարկող նախաձեռնությունները։

-ՀՀ վարչապետը ասաց նաև, որ դաշնակից երկրներին 100 մլն-ավոր դոլարներ ենք վճարել զենքի համար, բայց Բաքուն չի թողնում, որ մատակարարեն։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Վարչապետի հայտարարությունն աննախադեպ էր։ Մենք բոլորս հասկացանք, որ միջազգային քաղաքական կոնյուկտուրան անդրկովկասյան տարածաշրջանում էապես փոխվել է։ Եվ այո, մեր ավանդական դաշնակից Ռուսաստանը էապես կաշկանդված է իր գործողություններում՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մոդերացիայի հետ կապված, քանի որ Ռուսաստանն իրեն ծանրաբեռնել է Ադրբեջանի հանդեպ բազմաշերտ պարտավորություններով, այդ թվում՝ այս տարվա սկզբին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային հռչակագրի ստորագրումը։ Եվ դրա իրավական ամրագրման ուղղությամբ վերջերս ՌԴ Պետդումայի խոսնակ Վոլոդինն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցություններ է վարել Բաքվում, և կարծես պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մի շարք օրենսդրական նախաձեռնություններով դաշնակցային պայմանագրի դրույթները պետք է ամրապնդվեն և կյանքի կոչվեն։ Այդ պայմանագրով նախատեսված է, որ ՌԴ-ն պարտավորվում է որևէ տնտեսական, քաղաքական կամ ռազմական գործողություն չկատարել, որը կհակասի Ադրբեջանի շահերին։ Եվ ակնհայտ է, որ այս դեպքում ՌԴ-ն դե ֆակտո պարտավորվում է չաջակցել Հայաստանին։ Զենք-զինամթերք ձեռքբերելու համատեքստում ակնհայտ է, որ Ռուսաստանը կարող է, առնվազն բանավոր պայմանավորվածությամբ, ստանձնել՝ ռազմական աջակցություն չցուցաբերել Հայաստանին։

-Ինչու՞ են խնդիրներ առաջացել զենքի մատակարարման հարցում, և ինչպես է ստացվում, որ Ադրբեջանը կարողանում է կանխել դա։

-Ինչ վերաբերում է արդեն իսկ կնքված մատակարարման պայմանագրերին, որոնց դիմաց Հայաստանը վճարել է, սակայն չի ստանում համապատասխան զենք, աննախադեպ իրողություն է։ Կարծում եմ՝ ակնհայտ է, որ վարչապետի խոսքը վերաբերում է հենց Ռուսաստանին, որովհետև Ռուսաստանը մեր հիմնական՝ առնվազն 80% զենք-զինամթերքի մատակարարն է եղել այս տարիներին։ Այս առումով, շատ լուրջ խնդիրներ առկա են հայ-ռուսական հարաբերություններում, որոնք մինչև անգամ ֆինանսական պարտավորությունները չկատարելուն են հանգում։ Սա խորագույն ճգնաժամ է հայ-ռուսական հարաբերություններում։ Եվ այս առումով ակնհայտ է, որ Ադրբեջանը թե իր «խավիարային դիվանագիտության» միջոցով ռուսական վերնախավի մի զգալի մասին քաշել է իր կողմը և դարձրել իր շահերի սպասարկու, թե միջազգային իրավական ու քաղաքական գործիքակազմերով, օրինակ, ռուս-ադրբեջանական համաձայնագրերի շնորհիվ, Ռուսաստանին պարտավորեցրել է նման անտարբեր վերաբերմունք դրսևորել Հայաստանի նկատմամբ։ Եվ երրորդ, իհարկե, Ադրբեջանը նաև ունի Թուրքիայի իրական և համապարփակ աջակցությունը։ Իսկ Թուրքիան այսօր Ռուսաստանի՝ դեպի Եվրոպա միակ պատուհանն է և կարողանում է հմտորեն խաղարկել ՌԴ-ի կախվածությունը իրենից։ Եվ չի բացառվում, որ կրկին Ադրբեջանի լոբբինգ անելով՝ ՌԴ-ի առջև նորանոր պայմաններ կդնի։ Փաստ է, որ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական փակուղում են, և մինչև դրանց օբյեկտիվ վերաֆորմատավորումը մենք պետք է մեր ամենօրյա անվտանգային կարիքները սպասարկելու մասին մտածենք։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական