Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հասցեական հայտարարությունները արդյունք են տվել,- Radar Armenia-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններին։
Նրա խոսքով՝ «Տպավորությունն այնպիսին է, որ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի իշխանությունների կողմից ամենաբարձր մակարդակով հեռախոսազանգերը Իլհամ Ալիևին արդյունք են տվել»։
Քաղաքագետը նշեց, որ այս փուլում, երբ Ռուսաստանն ամբողջովին ներգրավված է ուկրաինական պատերազմում և չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, շատ կարևոր է, որ Հայաստանը փորձի համագործակցել այլ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հետ, որպեսզի զսպի Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները և ոտնձգությունները Հայաստանի սահմանների նկատմամբ։
Վարդանյանը նկատեց, որ այս համատեքստում շատ կարևոր է Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը։ Ըստ նրա՝ երկու երկրների հստակ ու հասցեական հայտարարությունները ցույց են տալիս, որ հենց Ադրբեջանն է ագրեսիա սկսել Հայաստանի դեմ։ Եվ Ֆրանսիան, և ԱՄՆ-ն դիվանագիտական ճանապարհով լուրջ ճնշումներ են գործադրում Ադրբեջանի վրա։
Հիշեցնենք՝ երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Ֆրանսիան պահանջում է, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր: Նա հայտարարել է նաև Ալիևի հետ հեռախոսազրույց ունենալու մտադրության մասին։
Հայկ Մագոյան