ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանական ընդդիմադիր գործիչների հայտարարություններին, թե երեկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում էր նոր կապիտուլացիայի մասին, նկատեց՝ «դա երևի իրենց ցանկությունն է»։
Խաչատրյանի խոսքով՝ ընդդիմադիրներն առաջնորդվում են «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով. «Նրանց նպատակը աթոռն է։ Նրանց ուրիշ հարց չի հետաքրքրում։ Ոմանց համար հայրենիքը կասկածելի ճանապարհներով հարստանալու տեղ է»։
Անդրադառնալով ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահների հանդիպմանը՝ պատգամավորն ասաց, որ լավ չի հասկանում, թե ինչ իմաստ ունի Լևոն Տեր-Պետրոսյանի և նախկին մյուս նախագահների հետ հանդիպումը. «ՀՀ առաջին նախագահը նրանց շատ լավ է ճանաչում»։
Դիտարկմանը, թե նախկին նախագահների հանդիպման նպատակը միահամուռ ուժերով երկխոսելու ու ստեղծված իրավիճակից ելք գտնելու փորձ է, Վիգեն Խաչատրյանն ասաց՝ իրենց խանգարող չկա, ուրախ կլինեն, եթե երկխոսելով հասնեն համերաշխության։
Հիշեցնենք՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրել է Ամենայն հայոց կաթողիկոսի մոտ Հայաստանի ու ԼՂ նախկին նախագահների հանդիպման մանրամասները՝ նշելով, որ ինքն առաջարկել էր հանդես գալ միասնական հայտարարությամբ առ այն, որ «օրվա գլխավոր խնդիր են համարում ազգային համախմբման կայացումը և իշխանության ու ընդդիմության միջև կառուցողական երկխոսության կայացումը»։
Հայկ Մագոյան