Քաղաքական

«Այդ հույսն այլևս չկա». Արմեն Գրիգորյանը` ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու մասին

«Այդ հույսն այլևս չկա». Արմեն Գրիգորյանը` ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու մասին

Երևանի պահանջը ՀԱՊԿ-ից եղել է Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, մինչև այս պահը դա չի կատարվել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել: Այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, դա նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում։

Մեր ակնկալիքը ո՞րն է եղել, և մեր հարցադրումը ո՞րն է եղել ՀԱՊԿ-ին դիմելու ժամանակ ձևակերպված, դա այն է` Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, որպեսզի Հայաստանի սուվերենությունը պաշտպանվի, և Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը դուրս գան: Մեր պահանջը ՀԱՊԿ-ից դա է եղել, մինչև այս պահը դա չի կատարվել: Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել»,- ասել է Գրիգորյանը:

Նա շեշտել է, որ Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ նկրտումներ ունենալ և փորձում է ագրեսիայի միջոցով Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրել:

«Հայաստանի պահանջը շարունակում է մնալ, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից: Երբ որ ասում ենք` պետք է դուրս գան, նկատի ունենք` անցած տարի մայիսի 12-ից սկսած ներխուժումով Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիան պետք է վերացվի»,- նշել է ԱԽ քարտուղարը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական