ՀՀ վարչապետն Արևելյան տնտեսական համաժողովում՝ իր ելույթի ժամանակ, ՌԴ նախագահի ներկայությամբ բարձրաձայնեց փաստացի Լեռնային Ղարաբաղում կայունության համար ՌԴ պատասխանատվության հարցը: Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում նշեց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։
- Պարոն Բաբաջանյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական ծավալուն ելույթ և խոսուն հայտարարություններ է արել Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում կայացած Արևելյան տնտեսական համաժողովի ընթացքում։ Մեզանում իրարամերժ գնահատականներ են հնչում վարչապետի ելույթի առիթով՝ հաշվի առնելով վերջին շրջանում Ռուսաստանի շուրջ հրապարակային դաշտում ծավալված բավական սուր քննարկումները։ Արցախի շուրջ նախորդ ամիս տեղի ունեցած մի շարք իրադարձություններ ավելի սրեցին իրավիճակը ռուսական խաղաղապահության վերաբերյալ։ Այս բոլոր զարգացումների համապատկերում ինչպե՞ս եք գնահատում վարչապետի ելույթը։
- Հատկանշական է, որ Հայաստանի վարչապետը նախընտրեց Հեռավորարևելյան տնտեսական համաժողովի իր ելույթում անդրադառնալ Կովկասում ապակայունացման վտանգին՝ ՌԴ նախագահի ներկայությամբ։ Կրկնակի ուշագրավ է, որ վարչապետն այդ մասին խոսեց Ռուսաստանի նախագահի հետ առանձնազրույցից առաջ: Իմ գնահատմամբ՝ Փաշինյանի քայլը թելադրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրապես ապակայունացման սպասումով։ Հայաստանի վարչապետն իր ելույթի այդ հիշատակումով միջազգային համաժողովի ամբիոնում, ՌԴ նախագահի ներկայությամբ, բարձրաձայնում է փաստացի Լեռնային Ղարաբաղում կայունության համար ՌԴ պատասխանատվության հարցը:
Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն ու ելույթի շեշտադրումները թերևս ավելի շատ խոսում են Հայաստանի բարդ և զգայուն իրադրության մասին: Երևանը չի կարող սերտ չհարաբերվել Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ Երևանը չունի Արևմուտքից կտրվելու իրավունք: Եվ այդ առումով կա գրեթե ամենօրյա ռեժիմով որոշակի հավասարակշռության ապահովմանն ուղղված ջանքի անհրաժեշտություն և երբ, օրինակ, Պաշտպանության նախարարը բանակցում է Միացյալ Նահանգներում, թերևս առաջանում է Պուտինին «օպերատիվությամբ» տպավորվածություն հայտնելու անհրաժեշտություն Վլադիվոստոկում:
- Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ օգոստոսի 31-ին կայացած թվով չորրորդ հանդիպումից և Մոսկվայում սահմանազատման և սահմանագծման թեմայով աշխատանքային խմբերի երկրորդ նիստից ընդամենը մեկ շաբաթ անց Ադրբեջանի կրակոցից զոհվել է հայ զինծառայող՝ Գեղարքունիքի դիրքերում: Այդ ընթացքում Բաքուն շարունակում է հայկական կողմին վերագրել կրակոցներ իր դիրքերի ուղղությամբ, իսկ Հայաստանի ՊՆ հերքում է դրանք և որակում ապատեղեկատվություն, որով Ադրբեջանը փորձում է պատրաստել լարվածության հրահրման հող: Միաժամանակ, Երևանը Բրյուսելից հետո խոսում է խաղաղության պայմանագրի, այն մինչև տարեվերջ ստորագրելու պատրաստ լինելու մասին: Այդ տեղեկատվությունը հայկական մեդիայում հայտնվել է ոչ պաշտոնական աղբյուրով, սակայն հայտնվել է լրատվամիջոցներով, որոնք առնչություն ունեն կառավարող մեծամասնության հետ: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։
- Ադրբեջանի կրակոցներն ու հայկական կողմի հերթական զոհը փաստացի «աղաղակում» են այդ մտադրության «անհամարժեքության» մասին՝ ստեղծելով բավականին հակասական իրավիճակ և «յուղ լցնելով» Երևանի հռչակած խաղաղության օրակարգի ընդդիմախոսների վրա: Այս իրավիճակում մենք՝ իբրև պետություն ու հասարակություն, թերևս ունենք մեր ռեսուրսային պաշարի վրա կենտրոնանալու հարց, որովհետև գործընթացի ժամանակի և տարածության չափը մենք չէ, որ որոշում ենք, և չի որոշում նաև Բաքուն:
Եթե խոսենք պատկերավոր, ապա որոշիչը տեղի է ունենում ուկրաինական պատերազմում և ազդում այլ ուղղություններով կատարվողի վրա: Իսկ, քանի որ մենք չգիտենք և չենք կարող ստույգ հաշվարկել, կանխատեսել կամ գծագրել ժամանակն ու տարածությունը, պարտավոր ենք առաջնորդվել դրանց առավելագույն երկարության կանխավարկածով և մտածել, թե ինչ ռեսուրս ունենք այդ երկար տարածությունը համաչափ և կայուն անցնելու, ու այդ ճանապարհին թե՛ անվտանգության, թե՛ քաղաքական դիրքերի պահպանության հարցերը լուծելու համար:
- ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը, որի նշանակումը մեծ ուշադրության արժանացավ Կովկասում, պատրաստվում է այցելել Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան: Ըստ Ձեզ, Ռիքերն այցելում է ճանաչողակա՞ն, թե՞ կոնկրետ առաջարկ պարունակող բովանդակությամբ:
- Ռիքերը որոշակի ժամանակ պաշտոնավարելով իբրև պետքարտուղարի օգնական՝ անխոս ծանոթ է տարածաշրջանին և այստեղ եղած խնդիրներին: Իր պաշտոնում Ռիքերը շփումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների, այլ դիվանագետների հետ: Ավելին, 2021 թվականի հունիսին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերն այցելել է Կովկաս՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, հանդիպել քաղաքական ղեկավարների հետ: Նա գործուն մասնակցություն է ունեցել Վրաստանի միջնորդությամբ Ադրբեջանում գերեվարված մեր եղբայրների հայրենադարձման գործում։ Այդպիսով՝ ամերիկացի պաշտոնյան հազիվ թե ունի Կովկասին ծանոթանալու կամ Կովկասը ճանաչելու էական խնդիր, հետևաբար առավել հավանական է, որ նրա այցը կարող է պարունակել իր նոր կարգավիճակում գործունեության առարկայական բովանդակային ուղենիշներ, որոնք նա ներկայացնելու է Կովկասի երկրների ղեկավարներին: Կենթադրի՞ այդ ամենը նաև կոնկրետ խնդիրների անմիջական առաջարկներ, մասնավորապես՝ այդ առումով նաև հայ-ադրբեջանական հակամարտության, Արցախյան հարցի հեռանկարի իմաստով, բարդ է ասել:
Այն, որ ԱՄՆ-ն ունի կոնկրետ առաջարկ և ներկայացրել է կողմերին, պարզ դարձավ հուլիսի 5-ին՝ ԱՄՆ պետքարտուղարի Երևան և Բաքու հեռախոսազրույցներից հետո: Հայաստանում ԱՄՆ դեսպանը մանրամասնեց, որ խոսքը հաղորդուղիների ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցության պատրաստակամության մասին է: Մանրամասներ, սակայն, չեն հնչել։ Ես հավատացած եմ, որ Ֆիլիպ Ռիքերը տարածաշրջան, մասնավորապես՝ Հայաստան այցի ընթացքում կոնկրետ առաջարկներ է ներկայացնելու և, իհարկե, լսելու է կողմերի մոտեցումները դրանց վերաբերյալ։