Տարածաշրջանային հարցերի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ։
- Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ում մասնակցում է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին։ Տեղի է ունեցել նաև Փաշինյան-Պուտին առանձնազրույցը։ Ի՞նչ սպասելիքներ ու ակնկալիքներ կան այս հանդիպումից։
- Կարծում եմ՝ ՌԴ նախագահի հետ հանդիպմանը հիմնականում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը և խաղաղության պայմանագրի կնքման հարցը։ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ Հայաստանից պահանջում է ստորագրել խաղաղության պայմանագիր՝ հակառակ պարագայում սպառնալով ռազմական էսկալացիայով և հիմքեր նախապատրաստելով դրա համար։ Ամեն օր մենք հաղորդագրություններ ենք կարդում հայկական կողմից իբր գնդակոծությունների մասին։ Հասկանալի է, որ սրանով Ադրբեջանը հիմք է նախապատրաստում ռազմական էսկալացիայի համար, եթե Հայաստանը Ադրբեջանի պայմաններով չստորագրի խաղաղության պայմանագիր։ Իմ կարծիքով՝ Ադրբեջանը ցանկանում է այնպիսի պայմանգիր, որտեղ ինչ-որ կերպ պետք է ֆիքսված լինի Արցախը Ադրբեջանի կազմում լինելը կամ Արցախի՝ վարչատարածքային միավոր չլինելը, որը հետագայում հիմք կտա պնդելու, որ տեսեք՝ եթե ստորագրված է խաղաղության պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև, ճանաչված է տարածքային ամբողջականությունը, և չկա Արցախ բառը, դա նշանակում է՝ Հայաստանը ևս ընդունում է, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի։ Հետևաբար, պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանը եվ Ադրբեջանը կարող են քննարկել բացառապես Ադրբեջանում ապրող էթնիկ հայ փոքրամասնության իրավունքների պաշտպանության խնդիրները։
- ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումից հետո ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Լավրովն ու Միրզոյանը քննարկել են խաղաղության պայմանագրի պարամետրերի մշակման հարցը։ Ի՞նչ է սա նշանակում։
- Այս դեպքում էլ է քննարկվել, թե Ռուսաստանը խաղաղության պայմանագրի որ տարբերակին է կողմ։ Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները փորձում են վերջնական, հստակ պատասխան ստանալ Ռուսաստանից, թե ինչ դիրքորոշում ունի ՌԴ-ն՝ կո՞ղմ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, թե՞ դեմ է։ Եթե կողմ է, ինչպիսի՞ պայմանագրի ստորագրմանը։ Կո՞ղմ է, որ ստորագրվի խաղաղության պայմանագիր, որտեղ Արցախի մասին անգամ հիշատակում չկա, թե՞ Ռուսաստանը գտնում է, որ այդ դեպքում Ադրբեջանը և Արևմուտքը բոլոր հիմքերը կունենան պահանջելու, որ 2025թ. նոյեմբերին ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից։ Եթե ՌԴ-ն դեմ է խաղաղության պայմանագրին՝ առանց Արցախի մասին հիշատակման, ապա ի՞նչ հիշատակում կարող է ունենալ Արցախի հարցը այդ պայմանագրում։ Կամ ինչպե՞ս կարող է Ադրբեջանին ստիպել, որ ներառվի հիշատակումը պայմանագրում։
- ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերն այս շաբաթ կայցելի Հարավային Կովկասի երկրներ, այդ թվում և՝ Հայաստան։ Այս այցը ի՞նչ նշանակություն կարող է ունենալ ԼՂ խնդրում, և ու՞մ ի՞նչ է փորձում ցույց տալ ԱՄՆ-ն։
- Որպես անձ, ով համակարգելու է Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականությունը, սա նոր դիրքում ճանաչողական այցելություն է և նաև որոշակի հստակեցում, թե Միացյալ Նահանգներն ինչ պատկերացում ունի։ Այսինքն, Միացյալ Նահանգները և՞ս կողմ է, որ հնարավորինս արագ ստորագրվի խաղաղության պայմանագիր, կո՞ղմ է, որ ընդհանրապես այդ պայմանագրում Արցախի մասին հիշատակում չլինի։ Եթե դա այդպես է, ապա Միացյալ Նահանգները հետագայում ինչպե՞ս է պատկերացնում Արցախի շուրջ քննարկումները, թե՞ կողմ է, որ լինի խաղաղության պայմանագիր, որտեղ Արցախը ֆիքսվում է որպես ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ Այս բոլոր հարցերը պատասխաններ են պահանջում, և ենթադրում եմ, որ Ռիկերը եկել է նաև որոշ պարզաբանումներ տալու։
Հայկ Մագոյան