Radar Armenia-ի զրուցակիցն է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։
- Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է չմասնակցել ԱԺ աշխատանքներին և, ինչպես իրենք են պնդում, խորհրդարան կվերադառնան իրենց օրակարգով։ Ի՞նչ զարգացումների սպասել աշնանային նստաշրջանում։
- Այսպիսի քաղաքական տրամադրությունների և ներկապնակի պայմաններում որևէ բեկումնային գործընթացներ Ազգային ժողովում չի ենթադրվում։ Ինչ վերաբերում է ընդդիմության օրակարգին, բնականաբար, այն հայտնի է, բայց որևէ շոշափելի արդյունք այն չի կարող ապահովել։ Իրենց վերաբերմունքով նրանք ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ մեր երկրի քաղաքական համակարգը խաթարված է։ Խորհրդարանական ընդդիմությունը չի գիտակցում իր կարգավիճակի առանձնահատկությունն ու պատասխանատվությունը խորհրդարանական կառավարման երկրում։ Իրենք ունեն սահմանադրական լեգիտիմ հնարավորություն՝ իրենց հնարավորությունների սահմաններում վերահսկողություն իրականացնել գործադիր իշխանության նկատմամբ, որից, փաստորեն, կամավոր հրաժարվել են՝ ոտնահարելով և խաթարելով իրենց ընտրողներին տված խոստումները։ Սա խոսում է ՀՀ-ի և խորհրդարանական կառավարման՝ նրանց պատկերացումների մասին։ Այսպիսի գործելաոճով իրենք իրենց դնում են խաղից դուրս վիճակում և աստիճանաբար մարգինալացվելու են։
- Նրանք խոսում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու ուղիների մասին, այդ թվում՝ իմպիչմենտի գործընթաց սկսելու։ Իրատեսական համարում ե՞ք այս սցենարի իրագործումը։
- Իրենք ևս մեկ անգամ մոլորեցնում և խաբում են ժողովրդին, թե ներկա քաղաքական հաշվեկշռով հնարավոր է հասնել վարչապետի հրաժարականին։ Իրենք շատ լավ գիտակցում են, որ իրենք են հանդիսանում ներկա Սահմանադրության ճարտարապետը։ Եվ իրենք այնպիսի Սահմանադրություն են բերել, փաթաթել ժողովրդի վզին, որ այսպիսի քաղաքական ռեսուրսով վարչապետին անվստահություն հայտնելու հնարավորությունը զրո է։ Վարչապետին անվստահություն հայտնելու կամ նոր վարչապետ ընտրելու երկու իրավակարգավորում գոյություն ունի։ Մեկն այն է, որ վարչապետին անվստահություն է հայտնում պառլամենտում մեծամասնություն կազմող ուժը, իսկ իրենք չունեն այդպիսի ուժ։ Իրենք, փաստորեն, ապավինում են ՔՊ-ին՝ ակնկալելով, որ վերջինս անվստահություն կհայտնի Նիկոլ Փաշինյանին, ինչը, տվյալ դեպքում, անլուրջ և անիրատեսական է։ Երկրորդ պարագան՝ նոր վարչապետ ընտրելու սահմանադրական հնարավորությունը այն է, որ գործող վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որպեսզի պառլամենտն էլ, սահմանված կարգով ու ժամկետներով, ընտրի նոր վարչապետ։ Ինչպես տեսնում եք, Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացնում։ Հետևաբար, պետք է արձանագրել, որ խորհրդարանական ընդդիմությունը քաղաքական դաշտում մնալու համար մոլորեցնում է ժողովրդին։
- Ընդդիմության ներկայացուցիչները խոստովանում են, որ հանրային լայն աջակցություն չունեն, բայց միևնույն ժամանակ շարունակում են խոսել փողոցային պայքարով իշխանափոխության հասնելու մասին։ Ձեր մեկնաբանությունը։
- Խորհրդարանական ընդդիմությունը՝ այս ձևաչափով և վերջին ամիսների գործունեության արդյունքներով, պետք է լուրջ հետևությունների հանգեր, որ, քանի իրենք այսպիսի հավակնություն ունեն՝ զբաղեցնելու ընդդիմության կարգավիճակը, որևէ ակնկալիք չպետք է ունենան հանրության վստահությունը ստանալու և գործող իշխանությանը հեռացնելու համար։ Այս ընդդիմությունը չունի համապատասխան ռեսուրս և ներուժ՝ գործող իշխանությանը հեռացնելու համար։ Ճիշտ հակառակը՝ խորհրդարանական ընդդիմությունն իր գործունեությամբ ավելի ամրապնդեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Եվ հանրային ընկալման մեջ փորձ արվեց ստեղծել տպավորություն, որ այսպիսի պայմաններում Նիկոլ Փաշինյանն անփոխարինելի է։ Հետևաբար, քանի դեռ խորհրդարանական այս ընդդիմությունը կա, իրենք մշտապես, իրենց գործունեությամբ աջակցելու են Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդմանը։ Շատ լավ է, որ խոստովանում են, որ չունեն հանրային լայն աջակցություն և չեն էլ ունենալու։ Հասարակությունը տեսել է նրանց կառավարման տարիները, և իրենք շատ լավ պետք է գիտակցեն, որ իրենց գործունեության հետևանքով է ՔՊ-ն եկել իշխանության։
Հայկ Մագոյան