Քաղաքական

Այս գործընկերությունները ոչ մի աղերս չունեն կենսաբանական զենքի հետ

Այս գործընկերությունները ոչ մի աղերս չունեն կենսաբանական զենքի հետ

Regnum գործակալությունը մի հոդված է հրապարակել՝ կրկին անդրադառնալով Հայաստանում կենսաբանական լաբարատորիաների առկայության խնդրին։ Հոդվածում հեղինակը փորձում է դավադրապաշտական տեսություն հորինել՝ մեղադրելով Երևանին ԱՄՆ-ի հետ համագործակցության մեջ՝ ընդդեմ Ռուսաստանի։ Այդ կապակցությամբ հեղինակը քանիցս հիշեցրել է Ռուսաստանի ՊՆ-ի՝ 2022թ. հուլիսի 7-ի հայտարարությունը, որով հայտնվում էր, որ բացահայտվել է նախկին ՍՍՀՄ տարածքում ամերիկացի ռազմական կենսաբանների գործունեությունը։ Ըստ ռուսական կողմի պնդումների՝ այս արշավին մասնակցել են Վրաստանն ու Հայաստանը։ Տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ Երևանի «նման ժեստերն ակնհայտորեն հակասում են Ռուսաստանի և Հայաստանի միջև նախկինում կնքված հուշագրին, որով հայտարարվում էր երրորդ տերությունների կողմից երկու երկրների տարածքում ցանկացած ռազմական կենսաբանական զարգացումների մերժման մասին»։

Այս պնդումները, սակայն, հերքվել էին ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից։ Նաև Հայաստանի անվտանգության խորհուրդն է պնդել, թե այս քայլը համաշխարհային առողջապահության անվտանգությանը սպառնացող վտանգների նվազեցմանն ուղղված համագործակցային գործընկերության դրսևորում է։

ՀՀ անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ Կորոնավիրուսային համաճարակն (COVID-19) ընդգծել է վարակիչ հիվանդությունների վերահսկման, ախտորոշման և արձագանքման համար ազգային հզոր կարողությունների կարևորությունը, և այս կարողությունների զարգացման գործում կարևոր դեր են խաղում միջազգային համագործակցությունը և աջակցությունը: 

«Մեր կառավարությունները բաց և թափանցիկ համագործակցել են Կենսաբանական վտանգների նվազեցման ծրագրի շրջանակներում, որն ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության ծրագրի մաս է կազմում: Այս գործընկերությունները բացառապես խաղաղ նպատակներ են հետապնդում և ոչ մի աղերս չունեն կենսաբանական զենքի հետ։ Մեր կառավարությունները վճռականորեն հաստատում են այն ընդհանուր մոտեցումը, որ նման համագործակցությունը ոչ թե պետք է խոչընդոտվի, այլ խթանվի և ամրապնդվի: 10-րդ հոդվածի համաձայն՝ մենք խրախուսում ենք «Կենսաբանական զենքի մասին» կոնվենցիայի բոլոր մասնակից պետություններին՝ ի պաշտպանություն այս նպատակի աշխատել միասին, այդ թվում՝ գալիք Վերանայման կոնֆերանսում»,-նշված է ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։

Տարակուսելի է, որ հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ Regnum-ը նման հոդված է հրապարակում՝ առանց խորանալու հարցի մեջ և փորձում է ընդամենը սենսացիաներ որոնել՝ ձեռքի հետ մեղադրելով հայկական կողմին հակառուսականության մեջ։ Հայաստանը բազմիցս անթաքույց կերպով և անկեղծորեն ներկայացրել է նշյալ լաբարատորիաների գործունեությունը թե՛ հրապարակային մակարդակում, թե՛ ռուսական կողմից հետ մասնավոր քննարկումներում։ Հետևաբար, դա, ըստ էության, խնդիր չէ։ Հնարավոր է, որ հոդվածը հեղինակվել է կոնկրետ պատվերով՝ վնասելու հայ-ռուսական հարաբերություններին։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական