Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ, վերլուծաբան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն է:
- Օգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների, իսկ մեկ օր անց՝ Բրյուսելում, Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումները։ Ի՞նչ ակնկալիքներ կան։
- Ընդամենը մի օրվա տարբերությամբ մոսկովյան և բրյուսելյան հանդիպումները հուշում են, որ միջնորդական մրցապայքարը սուր տեսքով շարունակվում է։ Մոսկովյան կոշտ արձագանքը բրյուսելյան նախաձեռնություններին դրա վառ ապացույցն է։ Բանակցային դաշտը մշուշապատ է։ Մի կողմից Վաշինգտոնը ամեն առիթի ակնարկ է անում ԵԱՀԿ-ի ՄԽ-ի համանախագահական ձևաչափի վերագործարկման հրամայականին, մյուս կողմից Մոսկվան թե՛ խոսում է այդ ձևաչափի սպառված լինելու և Բրյուսելի անարդյունավետության մասին։ Արանքում՝ Բրյուսելն ակտիվանում է Մոսկվային զուգահեռ միջնորդական նոր ձևաչափ ստեղծելու ուղղությամբ։ Անկարան, որը դարձել է անուղղակի միջնորդ՝ այս օրակարգերով համաձայնելով ուղղակի Մոսկվայի հետ, առաջ է մղում 3+3-ը, խնդիրների լուծման իր դերակատարություները ներդնելու փորձով։ Անվերջ փոխկապակցվում են Հայաստան-Ադրբեջան խնդիրների լուծման բանակցություններն ու Անկարա-Երևան երկխոսության գործընթացը։
Հայկական կողմի բանակցային ռազմավարությունը, կարծում եմ, պիտի նպատակադրի Հայաստան-Ադրբեջան խաղաղության նախապատրաստական բանակցությունները անջատել արցախյան հակամարտության կարգավորման օրակարգից։ Թուք-ադրբեջանական դաշինքին հաջողվում է արցախյան հակամարտության փոխարեն բանակցությունները տեղափոխել Հայաստան- Ադրբեջան հարթություն և ընդհանրապես շրջանցել Արցախի խնդիրը։
Հայաստան-Ադրբեջան հակամարտության էական հանգույցը Արցախն է․ ուրեմն պետք է վերադառնալ նախ արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններին։ Այստեղ պիտի նկատել ընդհանուր մոտեցում հայկական կողմի և գլխավոր խաղացողների միջև. թե՛ Մոսկվան, թե՛ Վաշինգտոնը և թե՛ Փարիզը հայտարարում են, որ կարգավիճակի խնդիրը դեռևս չի լուծվել։
Մոտեցումների համընկնումը առիթ է՝ առաջնային օրակարգի վերածելու Արցախի կարգավիճակի խնդիրը, ինքնորոշման իրավունքը։ Եթե Ստեփանակերտի ներկայացուցիչները բանակցում են և մասնակցում Բերձորի միջանցքի փակման և նոր երթուղու բացման ծրագրերի իրականացմանը, դա ենթադրում է արցախյան կողմի ճանաչում։ Սա կարող է համարվել Ստեփանակերտի՝ բանակցային սեղանին փուլային վերադարձի նախադրյալ։
Առանց արցախյան խնդրի կարգավորման՝ անցնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման, նշանակում է՝ հետևել թուրք-ադրբեջանական խաղի կանոններին։
Հայկական դիվանագիտության ռազմավարությունը պիտի լինի՝ փոխել խաղի կանոնները և առաջնային օրակարգի վերածել արցախյան հակամարտության հանգուցալուծումը։
- Բրյուսելյան հանդիպման համատեքստում ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Հարավային Կովկասում ԵՄ-ի ակտիվությունը որոշվում է աշխարհաքաղաքական ամբիցիաներով. «Դա ոչ մի կապ չունի ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավմանը նպաստելու ռեալ ցանկության հետ։ Դրանք կեղծ նախաձեռնություններ են, որոնք ավելի շատ նման են միջնորդության դափնիները յուրացնելուն»։ Ի՞նչ մտավախություններ ունի ՌԴ-ն։
- Պարզ է, որ Մոսկվան բրյուսելյան նախաձեռնություններն ընկալում է իբրև իր ռազմաքաղաքական տիրույթում ներթափանցման փորձ․ տարբերությունն այն է, որ Ուկրաինայի պատերազմից և Արևմուտքի պատժամիջոցներից հետո է այս նախաձեռնություններին հակազդում կոշտ։ Պարզապես գրանցվել է արձագանքման ոճի փոփոխություն։
Կարծում եմ՝ Զախարովայի արձագանքի ամենաէական բաժինը հետևյալն է. «Հարավային Կովկասում ԵՄ-ի ակտիվությունը որոշվում է աշխարհաքաղաքական ամբիցիաներով»։ Սա խոսում է մեր խնդիրների աշխարհաքաղաքականացման գործընթացի մասին, որին առնչվել են տարածաշրջանում գլխավոր խաղացող տերությունները։ Սա ինքնին ենթադրում է որոշակի տուրբուլանսային վտանգ։ Այն, որ աշխարհաքաղաքական մրցապայքար է գնում մեր տարածքներում, միաժամանակ նաև նկատի ունենանք նաև այն իրականությունը, որ չկա աշխարհաքաղաքական կոնսենսուս՝ հանգուցալուծման առումով, ինչը նշանակում է՝ ստատուս քվոյի առժամյա պահպանում։
Բախվելու ենք աշխարհաքաղաքական տուրբուլանսների։ Մեր խնդիրն առնչված պետությունների շահերի ճիշտ չափագրումն ու ելքային դիվանագիտության որդեգրումն է։
Հայկ Մագոյան