Քաղաքական

«Եթե չկա երկխոսություն, վերջում ստանալու ենք պատերազմ»․ Էդմոն Մարուքյան

«Եթե չկա երկխոսություն, վերջում ստանալու ենք պատերազմ»․ Էդմոն Մարուքյան

Բրյուսելում բարդ քննարկումներ են եղել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Կարևորն այն է, որ ունենք գործընթաց և խուսափում ենք մեծ արհավիրքներից։ Մյուս կողմից՝ ունենք բովանդակային բազում անհամաձայնություններ։ Ունենք համաձայնություն, որ կլինեն խաղաղության պայմանագրի շուրջ առարկայական բանակցություններ՝ տեքստի շուրջ։ Կողմերը պետք է գան իրենց մոտեցումներով, որոնք, ըստ էության, հայտնի են․ Ադրբեջանի 5 կետերը հրապարակված են, Հայաստանի պատասխան կետերը հրապարակված են»,- ասաց Մարուքյանը։ 

Դեսպանի խոսքով՝ տարբերակները կարող են շատ լինել․ մեկը կարող է լինել այն, որ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունները քննարկվեն համաձայնագրում, մյուսը՝ որ ԼՂ կարգավիճակի հարցն էլ քննարկվի։ Կարող է լինել տարբերակ, որ ԼՂ հարցն առանձին քննարկվի, հայ-ադրբեջանական հարաբերությունները՝ առանձին։ 

Մարուքյանն ընդգծեց, որ Բրյուսելում խաղաղության տեքստի վրա աշխատանք չի տարվել, քննարկվել են միայն մոտեցումները և, ըստ այդմ, Շառլ Միշելը հայտարարությամբ է հանդես եկել այն մասով, որով ձեռք է բերվել կամ արդեն կա համաձայնություն։ Դեսպանը կարևորեց այն, որ Միշելի կողմից կա շեշտադրում՝ հռետորաբանության հետ կապված։ 

«Գերիների հարցն աներկբա հարց է, կապ չունի ոչ մի բանի հետ, հումանիտար հարց է ու անհապաղ պիտի լուծվի։ Ադրբեջանը պիտի հասկանա, որ խաղաղության համաձայնագիր չենք կարող քննարկել՝ առաջընթաց չունենալով այդ հարցում»,- նշեց Մարուքյանը։

Մարուքյանը նաև շեշտեց, որ ԼՂ մասին Բրյուսելում խոսվել է, բայց քանի որ ձեռք չի բերվել որևէ համաձայնություն, անիմաստ է, որ ձևակերպումները տեղ գտնեին հաղորդագրության մեջ։

«Որպեսզի շատ ձևակերպումներ ի հայտ գան հայտարարությունների տեքստերում, դրանց շուրջ գրանցված համաձայնություն է պետք»,- նշեց նա։

Պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է, որ այն, ինչ արվում է Եվրոպայում, կեղծ գործընթաց է, Մարուքյանը նշեց․

«Ռուսական կողմը տեղեկացված է Բրյուսելում իրականացվող հանդիպումների վերաբերյալ, ՀՀ-ն այստեղ որևէ գաղտնիք չունի։ Այդ քննարկումները չեն ընթանում որևէ մի երկրի դեմ կամ թիկունքում, դա միանշանակ է։ Ռուսական կողմը թերահավատորեն է վերաբերվում այդ հանդիպումներին, բայց եթե չկա երկխոսություն, մենք վերջում ստանալու ենք պատերազմ, հակամարտություն, կոնֆլիկտ, լարվածություն, սադրանքներ։ Երկխոսության դեպքում նվազեցվում է թվարկված խնդիրների ի հայտ գալու հնարավորությունը»,- ասաց Մարուքյանը։ 

Նա ընդգծեց, որ հայկական կողմի մոտեցումը հետևյալն է՝ օգտագործել երկխոսելու բոլոր հնարավոր հարթակները։ 

Անդրադառնալով հարցին, թե կա՞ն շփումներ Արցախի և Ադրբեջանի միջև, Մարուքյանը նշեց, որ Ադրբեջանի ու ԼՂ իշխանությունների, տարբեր կառույցների միջև տեխնիկական մակարդակի շփումներ, քննարկումներ են ընթանում։

«Տեսնենք՝ ինչ կլինի։ Մենք մեր կողմից վերահաստատում ենք, որ ԼՂ-ին ու նրա ժողովրդին պատրաստ ենք աջակցել՝ ինչով կարող ենք»,- ասաց Մարուքյանը։

Նա հավելեց, որ ՀՀ-ն մտնում է շատ բարդ, դժվար գործընթացի մեջ և այս գիտակցումը պետք է փոխանցել բոլորին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական