Այսօր լրանում է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Radar Armenia-ն ներկայացնում է, թե ովքեր են եղել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հնդկաստանում ներկայացված ՀՀ դեսպանները, առաջին պաշտոնական այցն ու ստորագրված առաջին փաստաթուղթը։
Հայաստանի և Հնդկաստանի միջև 1992թ. օգոստոսի 31-ին հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Անկախացումից հետո առաջին պաշտոնական այցը Հնդկաստան տեղի է ունեցել 1995թ.։ Այցելել էր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, այնուհետ՝ արդեն 1996թ., այդ երկիր էր այցելել ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի գլխավորած պատվիրակությունը։
Առաջին ստորագրված փաստաթուղթը եղել է Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը՝ 1993թ. մարտի 11-ին։
Մինչ այս պահը Հայաստանը Հնդկաստանում ունեցել է հինգ դեսպան.
2000-2004թթ.՝ Արմեն Բայբուրդյան, ով Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսն էր։
2005-2009թթ. ՀՀ դեսպան է եղել Աշոտ Քոչարյանը, ով եղել է նաև Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղարը։
2009-2015թթ. ՀՀ դեսպանը Արա Հակոբյանն է եղել, ով ավելի վաղ աշխատել է Առևտրի և արդյունաբերության, ապա՝ Պետգույքի նախարարություններում։
2015-2021թթ. դեսպանը Արմեն Մարտիրոսյանն է, ով եղել է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը, նաև՝ ՀՀ դեսպանը Գերմանիայում։
2021թ.-ից առ այսօր Հնդկաստանում ՀՀ դեսպանը Յուրի Բաբախանյանն է. նա մինչ այդ աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում՝ Մերձավոր և Միջին Արևելքի վարչությունում որպես բաժնի վարիչ։
Հայաստանի և Հնդկաստանի դեսպանությունները համապատասխանաբար գտնվում են Նյու-Դելիում և Երևանում:
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Հայկ Մագոյան