Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, թե Ադրբեջանում Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դեսպաններն անտեսել են Ադրբեջանի կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը: Հայտարարության տեքստում կրկին խոսք չկա Շուշիի մասին, այլ նշվում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատակիցները շատ անգամ այցելել և շարունակում են այցելել Ադրբեջանի բոլոր շրջաններ, այդ թվում՝ Աղդամ, Զանգելան և Ֆիզուլի:
Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը, անդրադառնալով ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, նշեց՝ «ԱՄՆ-ն ու Ֆրանսիան տարբերակում են Շուշին Աղդամից ու Ֆիզուլիից, որովհետև Շուշին գտնվում էր նախկին ԼՂԻՄ տարածքում»։
Բաղդասարյանի կարծիքով՝ նրանք ցանկանում են շեշտել, որ, ամեն դեպքում, գոյություն ունի Ղարաբաղի կարգավիճակի հարց. ընդ որում, դա նախկին ԼՂԻՄ կարգավիճակի հարցն է. «Դա մենք պիտի ընկալենք ոչ թե որպես հայանպաստ քայլ կամ դեմարշ Ադրբեջանին կամ Ռուսաստանին, այլ՝ ուղղակի որպես իրողություն, որ արդեն երկու տարի Արևմուտքը դուրս էր մղվել այս գործընթացից և այժմ փորձում է վերադարձնել իր մասնակցությունը գործընթացներին»։
Ըստ նրա՝ Հայաստանի պարտությունից հետո տարածաշրջանում նոր ստատուս-քվո է հաստատվել, և Արևմուտքը փորձում է դրանից իր բաժին շահն ստանալ։
Քաղաքագետը Արևմուտքի և ռուս-թուրքա-ադրբեջանական եռանկյունու միջև լարված հարաբերությունների համատեքստում է դիտարկում կատարվածը։
«Հայաստանում և Արցախում դրանից չպետք է շատ ոգևորվեն։ Նրանք ոչ թե պաշտպանելու են հայկական շահը, այլ Հայաստանի պարտությունից իրենց բաժին շահն են պոկելու՝ բնականաբար, մեր շահերի հաշվին»,-ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 27-ին Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը Շուշիում հայտարարել էր, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները «բացահայտ անտեսել են Ադրբեջանի կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը»։ Հրավերի մերժումը նա ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչում էր որակել:
Հայկ Մագոյան