Քաղաքական

Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են հերթական թմրաշղթան

Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են հերթական թմրաշղթան

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի 38-ամյա մի բնակիչ զբաղվում է ապօրինի թմրավաճառությամբ։

Ձեռնարկվեցին մի շարք ծավալուն միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և հանցափաստի մեջ մերկացնելու ուղղությամբ։ 


Քրեական ոստիկանության ծառայողների միջոցառումներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները։ 
Օգոստոսի 16-ի կեսօրին մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցում ձերբակալվեց և, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերվեց երեք տղամարդ՝ երեքն էլ 39 տարեկան: Նրանցից երկուսի մոտ հայտնաբերվեցին ներարկիչներ` սուբուտեքսի հեղուկի նմանվող զանգվածով: Ըստ նրանց` հայտնաբերվածը թմրամիջոց էր: «Օպելը» տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում էլ ոստիկանները շարունակեցին գործողությունները:

Մոտ երկու ժամ անց Բագրատունյաց պողոտայում նրանք ձերբակալեցին և նախաքննական մարմին ներկայացրին 59-ամյա ևս մեկ տղամարդու, որի աձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ` մեկի մեջ սուբուտեքս, մյուսի մեջ` մեթամֆետամին: 


Միջոցառումները շարունակվեցին և մեկ ժամից Արցախի փողոցում ձերբակալվեցին և իրենց վարած «Օպելով» հանդերձ քննչական բաժին ներկայացվեցին 40-ամյա և 54-ամյա 2 տղամարդ: 40-ամյա տղամարդու մոտ կար երկու ներարկիչ՝ մեկը թափանցիկ հեղուկով: Հայտնաբերվեց նաև գաղտնի փականով դանակ: Ըստ տղամարդու`հայտնաբերվածը սուբուտեքս էր` իր օգտագործման համար: Բացի այդ, նա հայտնեց, որ մեքենայում նույնպես կա սուբուտեքս տեսակի թմրամիջոց։ Մեքենան օգոստոսի 20-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվեց և հայտնաբերվեց թմրամիջոցը։ 
Տղամարդկանց ձերբակալելուց հետո ոստիկանները Չեխովի փողոցում ձերբակալեցին և, իր վարած «Նիսանով» հանդերձ, քննչական բաժին ներկայացրեցին ևս մեկ գնորդի, որի մոտ հայտնաբերվեցին սրվակներ, ներարկիչներ ու սուբուտեքսի կես դեղահաբ: Ժամը 16.10-ին Բագրատունյաց պողոտայի 3-րդ նրբանցքում ձերբակալվեց և, իր վարած «Օպելով» հանդերձ, քննչական բաժին ներկայացվեց 38-ամյա մի տղամարդ: Ըստ նախնական տվյալների` հենց նա էր թմրամիջոցներ իրացնողը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց սուբուտեքսի կես դեղահաբ: Նա ձերբակալվեց, ապա կալանավորվեց և տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական