Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մեկնել է Ղրղզստան՝ որպես հյուր մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Նշենք, որ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ, և այս առումով Ադրբեջանի վարչապետի մասնակցությունն ուշագրավ է։
Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ Հակոբ Բադալյանը, մեկնաբանելով կատարվածը, նշեց՝ սա Ադրբեջանի հանդեպ Ռուսաստանի ռազմավարության շրջանակում նոր երևույթ չէ, և այս տեսանկյունից՝ Ադրբեջանի վարչապետի մասնակցությունը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստին ասվածի որոշակի դրսևորումն է. «Ռուսաստանի եվրասիական ռազմավարական ծրագրերի համատեքստում ոչ այնքան բուն մասնակցությունը, որքան այդ հետաքրքրությունը Հայաստանի համար պարունակում է ռիսկեր»։
Բադալյանն ընդգծեց, որ հայկական կողմը պետք է մեծ ջանքեր գործադրի՝ այդ ռիսկերը կառավարելու, նվազեցնելու, դրանք հնարավորության վերափոխելու ուղղությամբ. «Կան որոշումներ, որոնք չեն կարող կայացվել առանց Հայաստանի, և Հայաստանն, ըստ իր դիվանագիտական կարողությունների, ճկունության ու ներուժի, կարող է այդ որոշումների համար սահմանել իր քաղաքական գինն ու օրակարգը»։
Քաղաքագետի խոսքով՝ դա մեծ աշխատանք պահանջող իրողություն է և մեծապես կախված է ոչ միայն դիվանագիտական կարողություններից, այլև՝ երկրի ներքին ներուժից, որովհետև արտաքին կարողությունները, մեծ հաշվով, էապես փոխկապակցված են։
«Ռիսկերի կառավարման տեսանկյունից կարևոր է, որ Հայաստանն էլ իր հերթին կարողանա արդյունավետ հարաբերվել այլ արտաքին գործընկերների հետ»,- ընդգծեց Բադալյանը։
Հայկ Մագոյան