ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, հայտարարելով «Անկախության շարժում» սկսելու մասին, նաև վստահեցրել էր՝ իրենց պայքարի արդյունքում մինչև սեպտեմբերի 21-ը Նիկոլ Փաշինյանն այլևս չի լինի Հայաստանի վարչապետ:
Radar Armenia-ի հետ զրույցում ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցին՝ որքանո՞վ է իրատեսական այդ գնահատականը, նշեց՝ ցանկացած քաղաքացի, ով անկեղծ նպատակ ունի հեռացնել այս իշխանությանը և հասնելու արմատական քաղաքական փոփոխությունների, արդեն իսկ ողջունելի է։
«Գործընթացից առաջ չեմ ուզում ընկնել։ Ես ինքս մասնակցել եմ այդ հավաքին, մասնակցել են մեր խմբակցության պատգամավորներ, նաև ՀՀԿ-ն ներկայացնող մեծաթիվ մարդիկ, որովհետև երկրում ստեղծված իրավիճակը ստիպում է մի կողմ դնել քաղաքական ամբիցիաները, անձնական հավակնությունները և միանալ, սատարել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք նպատակ ունեն երկրում հասնել արմատական փոփոխությունների»,- ասաց պատգամավորը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ընդդիմադիր խմբակցությունները մինչև սեպտեմբերի 21-ը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնեն, Տիգրան Աբրահամյանը միանշանակ պատասխան չտվեց։ Նա ասաց, որ իմպիչմենտի գործընթացը մի քանի բաղադրիչ է ենթադրում՝ քաղաքական գործընթաց խորհրդարանում, փողոցում հանրային մեծ աջակցություն և ճնշումներ գործող իշխանությունների վրա. «Իմպիչմենտի գործընթացը չպետք է ինքնանպատակ լինի։ Պետք է գործընթացը սկսել այն ժամանակ, երբ դրա մի քանի բաղադրիչն ապահովված է»։
Պատգամավորի խոսքով՝ այս պահին Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության առնչությամբ ամբողջական քննարկումներ չեն եղել ոչ ՀՀԿ-ում, ոչ էլ՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունում։
Աբրահամյանը վստահեցրեց, որ երբ նման քննարկումներ կլինեն, կամբողջացնեն և իրենց դիրքորոշումը հստակ կարտահայտեն։
Հայկ Մագոյան