ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն անլուրջ է համարում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի՝ երեկվա հարցազրույցում հնչեցրած մտքերը։
Իշխանական պատգամավորն ասում է, որ այն առաքելությունը, որ պիտի խորհրդարանում ընդդիմությունը ունենա, օբյեկտիվորեն չեն ընկալել կամ չեն ուզում ընկալել. «Ինչով իրենք զբաղվում են, ռևանշիզմով է։ Ըստ էության՝ նրանց նպատակը կոնկրետ բարքեր վերադարձնելն է Հայաստան, որից մեր ժողովուրդը հոգնել ու հրաժարվել է»։
Ըստ Վիգեն Խաչատրյանի՝ մնացածը մանիպուլյատիվ դրսևորումներ են և բովանդակային որևէ գործողություն գրեթե չեն անում. «Իրենց նպատակը ոչ թե առկա հիմնահարցերի լուծումներ առաջարկելն է, այլ՝ պետության մեքենան նորից զավթելը»։
Խաչատրյանը կարծում է, որ ընդդիմության շարքերի նոսրացումը, համաժողովրդական պայքարի ալիքի մեծացումը, որն էլ, ըստ ընդդիմադիրների, պետք է հանգեցնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին կամ իմպիչմենտի գործընթաց սկսելուն, կախված է իշխանության գործողություններից։ «Եթե իշխանությունը հետևողականորեն, ինչը, կարծում եմ, այդպես կլինի, կյանքի կոչի այն ծրագրերն ու նպատակները, որի համար ստացել է հանրային վստահության քվե, բնական է՝ իրենք լայն աջակցություն չեն ստանա։ Այդ առումով շատ բան կախված է իշխանության գործելաոճից»։
Իսկ ընդդիմությունը, ըստ Խաչատրյանի, հանրության կողմից լայն աջակցություն չի կարող ստանալ, որովհետև նրանց նպատակը իշխանության զավթումն է։
Հիշեցնենք՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը «Երկիր Մեդիա», «Հ2» և «5-րդ Ալիք» հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ խոսել է շարժման հաջողություններից, բացթողումներից, առաջիկա անելիքներից։
Հայկ Մագոյան