ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչ, դեսպան Անդրեա Վիկտորինը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում խոսել է ԼՂ խնդրի մասին, ընդգծելով, որ իրենց ջանքերը ոչ մի կերպ մրցակցության նպատակ չունեն կամ ուղղված չեն այլ դերակատարների դեմ։
Ըստ դեսպանի՝ «Եվրամիության դիրքորոշումը շատ հստակ է եղել մինչև պատերազմը և նաև պատերազմի ընթացքում, որ մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո գործընթացի առաջմղմանը: Գործընթացն, իրոք, առաջնորդում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այո՛, դուք իրավացի եք՝ Եվրոպական միությունն այժմ ավելի ակտիվ դիրք է ստանձնել և տեսանելի դեր է խաղում հնարավոր ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս նախագահ Միշելի, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կանոնավոր խորհրդակցությունների և այցերի միջոցով: Նա կրկին այստեղ էր հուլիսի 13-ին և 14-ին: Այնպես որ, մենք մշտական կապի մեջ ենք, նախագահ Միշելը անձամբ է ներգրավված:
Այս ջանքերը ոչ մի կերպ մրցակցության նպատակ չունեն կամ ուղղված չեն այլ դերակատարների դեմ. պետք է ընդգծեմ սա, քանի որ շատ են շահարկումներն այս հարցի շուրջ: Մենք պետք է խոսենք փոխլրացման, ոչ թե մրցակցության մասին:
Երեք եռակողմ հանդիպումները՝ 2021 թ. դեկտեմբերին, 2022 թ. ապրիլին և մայիսին Բրյուսելում, նպատակ ունեին աջակցելու կայուն հանգուցալուծմանը: Միևնույն ժամանակ, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նախաձեռնեց բարձր մակարդակի հանդիպումներ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի միջև: Այս բարձր մակարդակի միջնորդությունները, շփումների որակը այն ավանդն է, որ մենք կարող ենք ունենալ այս գործում, և Եվրամիությունն իսկապես հանձնառու է շարունակելու մեր ջանքերն այս ձևաչափերում: Բնականաբար, մենք լսում ենք երկու երկրների ցանկությունները: Բայց կրկնում եմ՝ սա մրցակցություն չէ, սա փոխլրացում է այլ ջանքերի միջոցով: Մենք ողջունում ենք նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ուղիղ շփումը, որ տեղի ունեցավ հուլիսի 16-ին Թբիլիսիում: ԵՄ-ն ողջունում է ուղիղ կապը, որ հաստատվել է երկու արտգործնախարարների միջև: Կարծում եմ՝ բոլոր այս տարրերը միավորվում են, և ջանքեր են գործադրվում երկու երկրների միջև կայուն լուծում գտնելու նպատակով»:
Նա խոսել է նաև հայ-թուրքական հաշտեցման գործընթացի մասին՝ նշելով, թե Եվրամիությունը միշտ ակտիվորեն աջակցում է հարաբերությունների նորմալացման գործընթացներին. «Եվրամիությունը տարիներ շարունակ ակտիվ է եղել և աջակցել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: Մենք ուզում ենք առաջընթաց տեսնել, քանի որ կարծում ենք, որ դա շահավետ է ժողովուրդների համար և նոր հնարավորություններ կբացի»։