Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ, վերլուծաբան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն է:
Օգոստոսի 25-ին Աղավնոյի և Բերձորի բնակիչները պետք է լքեն իրենց բնակավայրերը։ Ի՞նչ անվտանգային ռիսկեր կարող են լինել, երբ այս բնակավայրերն այլևս Ադրբեջանի վերահսկողության տակ լինեն։
-Նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության 6-րդ կետի իրականացման շտապողականությունը գալիս է Բաքվից և Թուրքիայից։ 6-րդ կետը խոսում է եռակողմ պայմանավորվածությամբ այլընտրանքային ուղի բացելու մասին։ Այնտեղ կա նաև ժամկետ, որը դեռևս չի սպառվել։ Թուրքա-ադրբեջանական շտապողականությունն ու ռազմական հարձակումներով հատկանշված ճնշամիջոցները խոսում են օր առաջ Լաչինի այլընտրանքն ստեղծելու մասին։ Պարզ է, որ դա բխում է իրենց շահերից։
Բացի դեպի Արցախ հասնող էներգիայի կետերի վերահսկելիությունից, կա այստեղ Շուշին շրջանցելու առաջադրանքը և միջանցքը փակելու միտումը։ Եթե ուշադիր նայենք 6-րդ կետում գրանցված ձևակերպումին՝ այնտեղ խոսվում է Լաչինի միջանցքը նոր երթուղիով փոխարինելու մասին․ չի ասվում նոր միջանցք։ Խաղն այն է, կարծում եմ, որ Բաքուն միջանցք-միջանցքի դիմացի փոխարեն հիմա աշխատում է ճանապարհ-ճանապարհի դիմաց բանաձևի վրա, մանավանդ, երբ պարզ դարձավ, որ Թեհրանը չի հանդուրժելու ՀՀ-ի հետ իր սահմանային կարգավիճակի որևէ փոփոխություն։ Զուգահեռ առաջադրելու են Նախիջևանը Ադրբեջանին կապող երթուղիի բացում, ինչը ճանապարհ-ճանապարհի դիմաց բանաձևն է։
-Արցախում վերջին էսկալացիան ցույց տվեց, որ Ադրբեջանը հակասում է խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ իր հայտարարություններին։ Առկա իրողությունների պարագայում իրատեսկան համարու՞մ եք խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Եթե ոչ՝ ապա ի՞նչ զարգացումների սպասել։
-Բաքուն ռազմական գործողություններից առաջ էլ չէր հարգում նոյեմբեր 9-ի հրադադարի համաձայնութունը։ Համաձայնության 8-րդ կետը խոսում է մարդասիրական խնդիրների լուծման մասին․ առ այս պահը չեն վերադարձել ռազմագերիները, պահվող անձինք, չեն հայրենադարձվել զոհվածների աճյունները, չի կազմակերպվել փախստականնեի և տուժած անձանց վերադարձը։ Բաքուն ընտրովի է ուզում իրականցնել 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնության կետերը։ Հայկական կողմի ռազմավարությունը պետք է լինի՝ ձգել գործընթացը հիմնավորելով, որ Բաքուն չի հարգում համաձայնությունը։ Ոչ միայն այս պատճառով դեռևս տեսանելի չէ խաղաղության համաձայնագիրը, այլ նաև աշխարհաքաղաքական պատճառներով։ Թեհրանը մի անգամ չէ, որ իր անհամաձայնությունն է հայտնել տարածաշրջանում մյուս խաղացողներին, բայց մանավանդ աշխուժացել են Եվրամիությունն ու Վաշինգտոնը, որոնք պարզ տեսքով ասում են, որ կարգավորումը չի կայացել, կարգավիճակի հարցը չի լուծվել։ Սա ուղերձ է Մոսկվային եւ Անկարային, թե՝ իրենք ինքնուրույն իրար հետ համաձայնելով չեն կարող լուծել արցախյան հակամարտությունը։ Վաշինգտոնը պաշտոնապես հայտարարեց, որ տեխնիկապես պատրաստ է աջակցելու։ Ներկա պայմաններում, հատկապես Ուկրաինայի պատերազմի պատճառով դժվար է պատկերացնելը այնպիսի ձևաչափ որտեղ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն կհամագործակցեն հակամարտության կարգավորման համար․ չկա աշխարհաքաղաքական կոնսենսուս հանգուցալուծման համար։
Հայաստանում տեղի ունեցած «Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական պայթյունը որոշ շրջանականեր կապեցին արտաքին ուժերի հետ։ Դրանք իրատեսակա՞ն պնդումներ են։
-«Սուրմալու»-ի ողբերգությունը չպետք է քաղաքականացնել։ Թեկուզ քաղաքական ոսպնյակով, այդուհանդերձ առարկայական դիտարկումներ կան։ Համընդհանուր էր հիշելը, որ Սուրմալուի պայթյունի նախօրեին իրերահաջորդ էին օդանավակայանի, մետրոյի կամ հանրային վայրերում ռումբի կեղծ ահազանգները, որոնց նպատակը անկայունության մթնոլորտ ստեղծելն էր։ Պաշտոնական հայտարարություններով բացառվում է ահաբեկչության վարկածը։ Զուգահեռ, ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում էր իր քաղաքացիներին հանրային վայրեր այցելելուց կամ շրջագայելուց։ Մյուս կողմից՝ Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը աննկատ չթողեց հասարակական և սոցցանցերի հարթակներում պատահարի պատասխանատվությունը ռուսական կենտրոնների վրա բարդելու միտումները և ռուսական գերատեսչությունը բողոքի նոտա ուղարկեց Հայաստան՝ ակնկալելով դեմ դնել այդ երևույթին։
Քաղաքական նշանակություն ունի իհարկե այլ պետությունների կողմից հղված ցավակցագրերի երևույթը։ Քաղաքական ընթերցումի կենթարկվի նրանց ներկայացուցիչների պետական աստիճանաչափը՝ նախագահի, վարչապետի, թե արտգործ նախարարի մակարդակները նկատի ունենալով։ Ուշադրությունից չի վրիպում Հայաստանի Հանրապետություն-Թուրքիա երկխոսության գործընթացին թուրք ներկայացուցչի ցավակցելը։
Հայկ Մագոյան