Radar Armenia-ն հարցում էր ուղարկել Ազգային ժողով՝ տեղեկանալու, թե ՀՀ առողջապահության նախարարություն, ապա նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ ընդդիմադիր երեք պատգամավորների ներխուժման կապակցությամբ ե՞րբ կստեղծվի էթիկայի հանձնաժողով։
Մեր հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը տեղեկացրել է. «2022թ. հունիսի 21-ին ՀՀ առողջապահության նախարարի պարտականությունները կատարող Լենա Նանուշյանը դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին և ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին՝ ԱԺ պատգամավորներ Ասպրամ Կրպեյանի, Քրիստինե Վարդանյանի և Աննա Մկրտչյանի՝ օրենսդիր մարմնի ներկայացուցչին ոչ վայել վարքագիծ դրսևորելու, պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկով։
Համաձայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 162-րդ հոդվածի 6-րդ մասի՝ աշխատակազմի փորձագետը դիմումն ուսումնասիրել և սահմանված ժամկետում եզրակացությունը ներկայացրել է ՀՀ ԱԺ խմբակցությունների քննարկմանը»։
Նշենք, որ օրերս Անահիտ Ավանեսյանն էլ անդրադառնալով այս հարցին, նշել էր. «Վերջերս հետաքրքրվել եմ այդ հարցով, վստահեցրել են, որ ԱԺ-ում էթիկայի հանձնաժողով ձևավորելու աշխատանքներն ընթանում են, միանշանակ քննություն լինելու է այս միջադեպի հետ կապված»։