Հատիսի գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման դեմ պայքարող «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի ղեկավար Գարեգին Միսկարյանը Radar Armenia-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե իրավունքների ոտնահարման եղանակով աշխատատեղ բացելն առնվազն անբարոյականություն է. «Աշխատատեղեր կարելի է բացել ամենուր, կարելի է ստեղծել ստրկատիրական համակարգ և ասել՝ իհարկե, ստրուկ ենք, բայց տեսեք՝ բոլորն աշխատանք ունեն։ Ոչ մի բան չի արդարացնում օրենքը խախտելը, Հայաստանը ինքնիշխան, իրավական, սոցիալական պետություն է։ Մենք պարտավոր ենք, որպես ժողովրդավարական պետություն, հաշվի նստել հանրային շահի հետ։ Վաղն էլ աշխատատեղ ստեղծելու համար սկսելու են հանքեր շահագործել՝ առանց տեղում ապրող բնակիչների կարծիքը հաշվի առնելու, ու այսօր էլ օրենքը փոխում են, ինչը ստորություն է, պետական դավաճանություն։ Իրենց իշխանությունը պահելու համար փողով արդարացնում են ամեն ինչ։ Իրենց օլիգարխները, որոնք ձևավորվելու են հանքարդյունաբերությամբ և իբր տուրիզմի զարգացման ոլորտներում, պետք է իրենց հովանավորեն՝ հաջորդ ընտրություններում նորից քվե առնելու հարցում, ոնց եղել է նախկինում»։
Մեր զրուցակիցը հուլիսի 16-ին է եղել Հատիսի գագաթին և իր աչքով տեսել, որ շինարարությունն այդպես էլ չի կասեցվել. «Չի կասեցվել, խաբում են, իրենց հայտարարությունից հետո անձամբ եմ բարձրացել և տեսել, որ շինարարությունն ընթանում է»։ Ըստ նրա՝ այնտեղ հիմա օրենքը կոպտորեն խախտվում է. «Իրավունք չունեին մի մետր քանդել՝ առանց փաստաթղթերի, ոչ մի հիմնավորող փաստաթուղթ չկա, «Ճռտոյի դուքան» են սարքել»։
Հատիսի ճակատագրով մտահոգ Միսկարյանի ցանկությունն է, որ ժողովուրդն իմանա՝ եթե ինքը տեր չկանգնեց իր իրավունքներին, թույլ տվեց օրենքների շրջանցում, թույլ տվեց՝ խաբել իրեն ու իրենց բիզնես պրոյեկտները իրականացնել, կորցնելու ենք ամեն ինչ։