Միքայել Հայրապետյանը հայտարարել է Պահպանողական կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարման մասին։ Հայրապետյանը բավական կոշտ գրառում էր արել կուսակցության և իր գաղափարական տարաձայնությունների մասին։
Radar Armenia-ն փորձեց առավել մանրամասն տեղեկություններ ստանալ Միքայել Հայրապետյանից, թե ինչ մթնոլորտ է այսօր տիրում կուսակցության ներսում։
- Պարոն Հայրապետյան, խնդրում ենք՝ առավել մանրամասն ներկայացնել Պահպանողական կուսակցության նախագահի պաշտոնից հեռանալու՝ Ձեր որոշման մասին։
- Որքան հնարավոր է, մանրամասնությամբ ներկայացրել եմ: Այս պահին հավելյալ մանրամասնելը իմ պլանների մեջ չի մտնում: Բացի այդ՝ այսօր մեր երկրի առջև ծառացող գոյաբանական մարտահրավերների պարագայում ուշադրությունը շեղել նման մանր բաների վրա՝ կլինի տրվել կիրառված մեթոդոլոգիայի օրակարգին ու կամքին:
- Ձեր և կուսակցության փոխնախագահ Զավեն Վարդանյանի հետ միաժամանակ այլ գործիչներ դուրս եկե՞լ են կուսակցությունից։ Ովքե՞ր են այսօր կուսակցության խորհրդի կազմում, ո՞վ կփոխարինի Ձեզ այդ պաշտոնում։
- Իմ և պարոն Վարդանյանի հետ դուրս են եկել Կենտրոնական խորհրդի անդամների մեծամասնությունը, կառավարման մարմինների ղեկավարներ, շարքային կուսակցականներ: Իսկ թե ովքեր են մնացել, և ով կդառնա նոր նախագահ, պարկեշտ չէ՝ խոսեմ այդ մասին: Դա արդեն կուսակցության ղեկավար մարմնում մնացածների լիազորությունների շրջանակում է:
- Ի՞նչ ուղի է այսօր ընտրել կուսակցությունը, որը, փաստորեն, հոգեհարազատ չէ Ձեզ համար։ Ի՞նչ ճակատագիր է սպասվում կուսակցությանը։
- Ամենևին չեմ կարող ենթադրել, թե ինչ ուղի կընտրի կուսակցությունը: Առաջիկան ցույց կտա:
- Քաղաքական ի՞նչ անելիքներ ու պլաններ ունեք, որևէ այլ կուսակցության կամ շարժման միանալու ցանկություն ունե՞ք։
- Ինչ արել եմ ցայժմ, կշարունակեմ նույնը՝ հարցազրույցներով ու հրապարակումներով արժեքների քարոզում, քաղաքական խորհրդակցություններ և այլն: Որևէ կուսակցության կամ շարժման միանալու մտադրություն չունեմ, բայց կշարունակեմ աջակցել բոլոր հոգեհարազատ քաղաքական կառույցներին, ինչպես արել եմ մինչ այժմ: