Քաղաքական

Քվեարկության ժամանակ այլևս գրիչներ չեն օգտագործվի

Քվեարկության ժամանակ այլևս գրիչներ չեն օգտագործվի

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է քվեարկության ընթացքում վերացնել գրիչների օգտագործումը։

Օրենքի համահեղինակ, ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշեց, թե 2021թ․-ին կայացած ԱԺ արտահերթ եւ համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնք գույքագրվել են նաեւ դիտորդական առաքելությունների, մասնակցած քաղաքական ուժերի կողմից, ուստի հիմա առաջարկվում է լուծել դրանք։ 

Ըստ դրա՝ համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների պարագայում կուսակցությունների եւ դաշինքների համար նախատեսվում են առանձին քվեաթերթիկներ՝ անկախ նրանից, թե որքան է ընտրողների թիվը. «Այսպիսով, քվեարկության ընթացքում վերացվում է գրիչների օգտագործումը։ Կուսակցությունների համամասնական ցուցակների առաջին երեք թեկնածուների ինքնաբացարկի ժամկետը սահմանվում է ոչ ուշ, քան քվեարկության օրից 15 օր առաջ, ինչն ընտրական հանձնաժողովներին հնարավորություն է տալու ավելի շուտ սկսել քվեաթերթիկների տպագրությունը։ Այսպիսով` ունենալու ենք նույն մոդելով ընտրություններ, ինչպես ԱԺ ընտրությունների դեպքում է, այսինքն՝ տարբեր քվեաթերթիկներով։ Սա նվազեցնում է նաեւ անվավեր քվեաթերթիկների քանակը եւ բարելավում ընտրական գործընթացը։ Առաջարկվում է նաեւ համամասնական ՏԻՄ ընտրությունների ժամանակ իրականացնել քվեարկության ընթացքի միաժամանակյա համացանցային հեռարձակում, ինչպես որ ԱԺ ընտրությունների ժամանակ է։ Սա եւս բարձրացնում է վստահությունն ընտրական գործընթացի հանդեպ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական