ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կդիմի Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 33 պատգամավորներին մանդատից զրկելու հարցով։ Ըստ հրապարակված որոշման՝ նիստը պետք է գումարվեր հուլիսի 14-ին, սակայն րոպեներ անց այն հեռացվեց ԱԺ կայքից՝ տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ։ Այսօր էլ Սիմոնյանը, անդրադառնալով ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթաց նախաձեռնելուն, նշել է. «Օրենքի պահանջ է, չի կարող չլինել»:
Radar Armenia-ն ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու նախաձեռնության մասին խոսեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ։
- Պարոն Նազարյան, տեղեկություն ունե՞ք օրվա փոփոխության հետ կապված, ե՞րբ է նիստը նախատեսված։
- Ես նորություն չունեմ, չեմ հետաքրքրվում, այդ թեման այլևս հետաքրքիր չէ։
- Այսինքն, մանդատն այլևս հետաքրքիր չէ՞։
- Ոչ թե մանդատը չէ հետաքրքիր, այլ ապօրինի գործընթացների մասին լուրերը չեն հետաքրքիր։
- Դրանք այդքան էլ զուտ լուրեր չէին, որովհետև ԱԺ կայքում հրապարակվել էր, և նիստը գումարվելու է։
- Անպայմա՞ն, իրենք վստա՞հ են։
- Այսինքն, կարծում եք՝ գործընթաց չի՞ սկսվի։
- Իհարկե, չի սկսվի։
- Իսկ ի՞նչը պետք է ստիպի՝ չսկսել մանդատից զրկելու գործընթաց։
- Ինքնապաշտպանական բնազդը։ Իրենք կհասկանան, թե ինչ եմ ասում։
- Իսկ ինչպե՞ս եք գնահատում Թագուհի Թովմասյանի և Իշխան Զաքարյանի՝ այդ ցուցակում չլինելու հանգամանքը։
- Դե, երևի իրենք բացականներ չունեն։ Ես, անկեղծ ասած, ներկա-բացակա չեմ անում ու չգիտեմ՝ ով ինչքան բացակա ունի, ենթադրում եմ՝ Թագուհի Թովմասյանը բացականեր չունի։
- Ինչ-որ քայլեր ձեռնարկելո՞ւ եք՝ մանդատները պահելու համար։
- Մի մարդ կա, անձի երկվություն ունի, իրեն թվում է՝ ժողովուրդն ինքն է, հիմա մտածում է՝ ինքն է մեզ ընտրել, ինքն էլ կարող է մանդատից զրկել։ Սա իրավական դաշտի խնդիր է։
- Այսօր ընդդիմադիրներին մանդատ հարկավո՞ր է, թե՞ ոչ։
- Հենց մտածենք, որ մանդատները մեզ հարկավոր չեն, կհրաժարվենք, բայց ոչ թե անհատապես, այլ՝ ամբողջ դաշինքով, խմբակցությամբ, 153 թեկնածու միանգամից կհրաժարվենք։ Եթե չենք հրաժարվել, ուրեմն գտնում ենք, որ չկա դրա անհրաժեշտությունը։
- Գուցե իմպիչմենտի եք պատրաստվո՞ւմ։
- Մենք ամեն ինչի էլ պատրաստվում ենք, շատ բաների ենք պատրաստվում, բա հո երկիրը չե՞նք թողնելու այս վիճակում։ Այնքան է ցինիկությունները հերիքում, Կուրբան Բայրամ են շնորհավորում մի մարդու, որն այս պատերազմի գլխավոր ճարտարապետն է, ու ձեռքերը մեր երեխեքի արյամբ է թաթախված։
- Նոր օրակարգ, նոր գործիքակազմ կա՞։
- Կա մի օրակարգ՝ Հայաստանը ազատել նման անհեթեթ ու անհայրենիք մարդկանց իշխանությունից։ Գործիքակազմը, գործողությունների պլանը երկրորդական է, մի պլան կգտնվի։ Իմ համար կարևորը գլխավոր նպատակն է։