Քաղաքական

Վանաձորի ճգնաժամը. ո՞րն է լուծումը

Վանաձորի ճգնաժամը. ո՞րն է լուծումը

Վանաձորի ավագանու նիստերը չեն կայանում։ Այս կապակցությամբ Radar Armenia-ն զրուցել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի հետ։

- Վանաձորի ավագանու արտահերթ նիստը կրկին չկայացավ, քանի որ դարձյալ քվորում չապահովվեց: Արդեն որերորդ անգամ «Ասլանյան» դաշինքի ու «Հայրենիք» կուսակցության անդամները բոյկոտում են ավագանու նիստերը: Ինչպիսի՞ լուծում եք տեսնում ստեղծված իրավիճակի համար։

- Ստեղծված իրավիճակի իրավական լուծումը տեղական ինքնակառավարման մասին օրենքի շրջանակներում է, իսկ համայնքի կառավարման և զարգացման առումով՝ պետք է բոլոր քաղաքական ուժերի համար առաջնահերթ լինի Վանաձորի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելը, քանի որ այս պարագայում ժամանակն աշխատում է ի վնաս համայնքի։ Մենք, իհարկե, ամենօրյա պլանավորված աշխատանքով անում ենք հնարավորը՝ նախորդ տարվա բյուջեի ծախսերի շրջանակներում լուծելու համայնքի խնդիրները, բայց 2022 թվականի բյուջեի և սուբվենցիոն ծրագրերի հաստատումը թույլ կտար՝ մինչև տարեվերջ համայնքի բնակիչների համար տեսանելի լուրջ բարեփոխումներ իրականացնել, որոնք կապահովեն ոչ միայն համայնքի բնականոն կյանքը, այլև կյանքի կկոչվեն համայնքի հեռանկարային զարգացմանը միտված ծրագրեր։ Հիշեցնեմ, որ 2022 թվականի համար նախատեսվում էր սուբվենցիոն ծրագրերով իրականացնել շուրջ 2.5 մլրդ դրամի կապիտալ շինարարություն։ 

- Ինչ գնահատական կտաք քաղաքական ուժերի պահվածքին։ Ինչո՞ւ են նրանք իրենց քայլերով հակադարձում իրենց քաղաքական խոստումներին և չեն աշխատում՝ հանուն քաղաքի զարգացման։

- Համայնքի ավագանին ընտրվում է բնակիչների կողմից և իր լիազորությունների արդյունավետ իրակացման համար հաշվետու է նախ վանաձորցիներին։ Կարծում եմ՝ հենց վանաձորցիներն էլ կտան քաղաքական գնահատական, և եթե հետևում եք սոցիալական ցանցերի հրապարակումներին, այդ գնահատականները հնչել և շարունակում են հնչել տարբեր առիթներով։ 

-Արդյո՞ք հարցի լուծումը պատկերացնում եք միայն դատական գործընթացով, երբ մեկ մանդատ տրվի «Լուսավոր Հայաստանին»՝ այդպիսով լուծելով ճգնաժամը։ Դրանից բացի այլ լուծում տեսնո՞ւմ եք։

- Հարցի լուծման կամ ճգնաժամի հաղթահարման համար, ինչպես դուք բնութագրեցիք, կան տարբեր լուծումներ։ Սակայն գերադասելի է քաղաքական համաձայնությունների ճանապարհը, և ես, որպես Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար և ավագանու ՀԱՍԿ խմբակցության անդամ, հավատացնում եմ, որ մեր դռները միշտ բաց են երկխոսության համար։  

 - Որտե՞ղ եք Ձեզ պատկերացնում այս խնդրի հանգուցալուծումից հետո, ի՞նչ անելիքներ ունեք։

- Շարունակելու եմ ծառայել իմ հայրենի քաղաքին։ Հարցի լուծումից հետո պետք է կարճ ժամկետում կազմվի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման հնգամյա ծրագիրը, 2022-ի տարեկան աշխատանքային պլանը, և իրականացվեն բոլոր ծրագրերը։ 

Վստահ եմ, որ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմն ունի բավարար կազմակերպչական, մասնագիտական և կադրային ներուժ՝ տեսանելի ապագայում քաղաքը և նրան միավորված բնակավայրերը դարձնել դինամիկ զարգացող համայնք։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական