ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագծով ՄԻԵԴ-ի՝ մինչև 15 տարվա վաղեմության վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ վարույթ կհարուցվի։
ՄԻԵԴ-ի վճիռներով մեծ թվով գործեր վերաբերում են Մարտի 1-ի դատավճիռներին։ Radar Armenia-ն այս առնչությամբ զրուցել է ՀԱԿ ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ։
- Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եք գնահատում Դատական օրենսգրքում արված այս փոփոխությունները։
- Երբ խոսքը գնում է Մարտի 1-ի քրեական գործերին և դրանց բացահայտմանը, հավատն այս իշխանությունների նկատմամբ ամբողջությամբ կորել է։ Այնուամենայնիվ, արձանագրենք, որ ԱԺ կողմից օրենքի փոփոխություն, լրացում արվեց։ Թե՛ կուսակցական մակարդակով, թե՛ մասնագիտական քննարկումների ժամանակ մենք առաջ էինք քաշել այն թեզը, որ անպայման պետք է դատավորների վեթթինգի սահմանները լայն լինեն և վերաբերեն՝ ընդհուպ մինչև 1996 թվականից սկսած մինչ օրս դատավորների կատարած հիմնարար խախտումներին, կոռուպցիոն երևույթներին և այլն։ Մեր կողմից եղել է նման առաջարկ՝ հանել ժամկետային սահմանափակումները։
Իրավաբանները կհիշեն՝ խորհրդային շրջանում արդարադատության ակնհայտ ապօրինի ակտ կայացնելը դատավորի կողմից հանցագործություն էր։ Այն հազվադեպ հանցագործություններից էր, որը վաղեմության ժամկետ չուներ։ Դա շատ ճիշտ է, դատավորը պետք է միշտ իմանա, որ դիտավորությամբ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելը հանցագործություն է, որը վաղեմության ժամկետ չունի։ Հիմա տեսնենք, թե իրականության մեջ ինչպես կաշխատի։
- Հավատո՞ւմ եք, որ իրապես ապօրինի դատավճիռներ կայացրած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ կհարուցվեն։
- Հիմա ինձ հուսադրում է այն, որ դատավարության կողմերն իրավունք ունեն դիմել, որպեսզի այդ կարգապահական վարույթները հարուցվեն։ Օրինակ, շուտով Արշակ Մանուկյանի՝ Եվրադատարանի վճիռն է սպասվում, մենք միանգամից կդիմենք, որպեսզի Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ այդ կարգապահական վարույթը հարուցվի, ինչպես նաև՝ արդեն իսկ կայացված վճիռներով կրկին կդիմենք, որպեսզի հարուցվեն կարգապահական վարույթներ։ Այն դատավորները, որոնք թույլ են տվել հիմնարար իրավունքի խախտում՝ դիտավորյալ արհամարհել են արդարադատության բուն էությունը, գոնե պատասխանատվություն պիտի կրեն։
Նկատեմ նաև, որ այստեղ անհավասարության պահ ևս կա։
Օրինակ, նույն Մարտի 1-ի գործերով ինչ-որ դատավոր ապօրինի վճիռներ է կայացրել, բայց պատասխանատվություն չի կրում, բայց մյուսը, ում վճիռները ներկայացվել են Եվրոպական դատարան, կրելու է այս պատասխանատվությունը։ Ստացվում է՝ ում բախտը չի բերել, պետք է նաև այսպես պատասխանատվության ենթարկվի, բայց նույն ոճով վճիռ կայացրած մյուս դատավորը շարունակի իր գործը։
- Դուք այս նոր փոփոխությունը քայլ առաջ համարեցիք, արդյո՞ք այն բավարար է Մարտի 1-ի՝ դատաիրավական հետևանքների պատասխանատուներին պատասխանատվության կանչելու առումով։
- Գիտեք՝ ես իմ կարծիքը չեմ փոխել և չեմ փոխի երբեք. 3 գործ պետք է աներ իշխանությունը, որը հրապարակից այդ խոստումով էլ եկել է իշխանության։ Ինձ գայթակղել են իշխանության խոստումները՝ որպես այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ, որպեսզի գնամ հրապարակ և մասնակցեմ շարժմանը։ Ինձ խոստացել են՝ Մարտի 1-ի հանցագործության կազմակերպիչների և կատարողների բացահայտում, քաղբանտարկյալների արդարացում, դատավորների պատիժ: Այս երեքից որևէ մեկը չի արվել մինչ օրս։
Մարտի 1-ի թե՛ կազմակերպիչները, թե՛ կատարողները մնացել են անպատիժ, 40 քաղբանտարկյալ դեռևս կրում է դատապարտյալի խարանը՝ ծանր հանցագործությունների համար, իսկ դատավորները, որոնք տասնյակներով անմեղ մարդկանց դատապարտել են, մինչ այսօր ոչ միայն պաշտոնավարում են, այլև՝ քննում հնչեղություն ունեցող քրեական գործեր։ Այս պատկերից հետո իմ մոտ վստահություն չկա, որ այս իշխանությունը պատրաստվում է իմ նշած անարդարությունները վերացնել։