ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների կողմից ԱԺ նիստերը բոյկոտելուն։
Նրա խոսքով. «Եթե չեն գալիս դահլիճ, աշխատավարձ ինչո՞ւ են ստանում ընդդիմադիր պատգամավորները: Սենյակները վերցնում են, մեքենաներն ունեն, որ գործուղումը հարմար է՝ գնում են, որ հանդիպումն իրենց հետաքրքիր է՝ գնում են:
Վստահ չեմ, որ իրենց մեջ չեն գտնվի պատգամավորներ, որոնք կհասկանան, որ իրենք քաղաքական գործիչ են, և կգան: Իրենք միատարր կառույց չեն. կա Քոչարյանի թևը, Դաշնակցության թևը, Վահե Հակոբյանի թևը, կոնկրետ մարդիկ կան, որ մեկ այս տեղի արբանյակն են, մյուս տեղի արբանակն են»։
Ըստ Սիմոնյանի՝ ընդդիմությունն իր ակցիաներով արդյունք չարձանագրեց. «Իրենց մոտ ի՞նչ ստացվեց. փող տվեցին, փող բաժանեցին, որ մարդկանց բերեն միտինգների, հետո սկսեցին այդ մարդիկ էլ չգալ, հետո սկսեցին Սփյուռքից մեր հայրենակիցներին մոլորության մեջ գցել: Այդ մարդիկ եկան ու հասկացան՝ այն, ինչ դուք ներկայացնում եք, իրականության հետ կապ չունի, ՀՀ իշխանությունն ընտրված է, իր ժողովրդի հետ շփման մեջ է, բացատրում է: Իսկ նրանք ՀՀ ժողովրդի հետ կապ չունեն, եթե այսօր ընտրություն լինի, նրանք ԱԺ նույնիսկ չեն անցնելու»: