Քաղաքական

Հակոբյանը չի բացառում, որ իշխանությունը ետ կկանգնի իրենց հեռացնելու մտադրությունից

Հակոբյանը չի բացառում, որ իշխանությունը ետ կկանգնի իրենց հեռացնելու մտադրությունից

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է «Հայաստան» խմբակցության անդամներ Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին հեռացնել, համապատասխանաբար, ԱԺ փոխնախագահի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններից։

Վահե Հակոբյանը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով այդ որոշմանը, նշեց՝ քանի որ սա ՔՊ խմբակցության որոշումն ու «երազանքների գագաթնակետն» է, այս պահին որևէ մեկնաբանություն չունի. «Երբ սա կունենա պաշտոնական բնույթ, կանցնի ԱԺ կանոնակարգով, և ինձ կզրկեն պաշտոնից, հայտարարություն կանեմ»։

Հակոբյանը վստահեցրեց՝ չարաչար սխալվում են նրանք, ովքեր մտածում են, թե ինքն այդ ամենից կտխրի. «Հնարավոր է՝ նախագիծը փորձեն անցկացնել ԱԺ կանոնակարգով։ Բայց չի բացառվում, որ որևէ քայլի չդիմեն, որ չխախտեն Դոնթի բանաձևը, և թեման թողնեն օդից առկախված»։

Ինչ մնում է նրան, որ ՔՊ-ն որպես պաշտոնանկության հիմնավորում կներկայացնի պատգամավորների բացակայությունները, Հակոբյանը մեկնաբանեց. «Այդ դեպքում իրենք պետք է դիմեն իրենց երազանքների ՍԴ։ Թող դիմեն, վերջինս որոշում կայացնի, դրանից հետո մենք նույնպես կձեռնարկենք քայլեր»։

Հակոբյանն ընդգծեց՝ նիստերից բացակայելը պայմանավորված է միայն  քաղաքական բոյկոտով. «Մենք թե՛ գրավոր, թե՛ բանավոր դիմել ենք ԱԺ, այսպես կոչված, ղեկավարին»։

Հարցին՝ եթե նախագիծը հասնի ԱԺ, ինքը կմասնակցի՞ նիստին, Հակոբյանը բացասական պատասխան տվեց. «Ես պատրաստվում եմ գնալ ԱԺ՝ բացառությամբ մեր ֆրակցիայի օրակարգով»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական